Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկյան վերլուծական կենտրոն Հադսոնի ինստիտուտում իր հեռավար ելույթում ամերիկացի գործընկերներին կոչ է արել օգնել Վրաստանին նոր խորհրդարանական ընտրությունների հասնելու համար:
Նա խոսել է նաև «ոչ լեգիտիմ խորհրդարանն ու դե ֆակտո նախագահին չճանաչելու կարևորության» ու պատժամիջոցների անհրաժեշտության մասին։
«Պատժամիջոցները ճնշման միջոց են ոչ միայն «Վրացական երազանք»-ի առաջնորդների, այլև նրանց մերձավոր շրջապատի վրա, ինչպես ցանկացած ավտոկրատ երկրում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ «ընտրություններից բացի` խոր ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չկա, որում ներկայում գտնվում է Վրաստանը». «Միակ ճանապարհը նոր ընտրություններն են, եւ ես վստահ եմ, որ նոր ընտրություններ կանցկացվեն»:
Ելույթից առաջ Զուրաբիշվիլիին Հադսոնի ինստիտուտի նախագահ Ջոն Ուոլթերսը ներկայացրել է որպես «Վրաստանի նախկին նախագահի», ինչին Զուրաբիշվիլին արձագանքել է այսպես. «Ես միայն մեկ փոքր, բայց կարևոր շտկում ունեմ Ձեր բնորոշման առումով՝ ես նախկին նախագահ չեմ, ես Վրաստանի միակ օրինական նախագահն եմ՝ չնայած իշխող կուսակցության պնդումներին»: Սալոմե Զուրաբիշվիլիի այս նկատառմանը հաջորդել են ծափահարություններ։
Նորայր Միսկարյան