Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արված աշխատանքներին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին եւ առաջիկա ծրագրերին:
«Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ Կառավարության կողմից նախօրեին տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ եւ անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային եւ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ ասվում է, որ Միրզոյանը եւ Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռվող հնարավորությունները: Ընդգծել է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարեւորությունը:
Հաղորդվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին եւ դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Միրզոյանն ընդգծել է, որ «հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ»: Այդ համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի վերջնականացման, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով ՀՀ-ի կողմից ներկայացված առաջարկությունները:
Արտգործնախարարությունը առանց այլ մանրամասներ հայտնելու փոխանցում է, որ կողմերն անդրադարձ են կատարել հումանիտար հարցերին: