Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «առաջիկա շաբաթներին» կմեկնի Ուկրաինա՝ քննարկելու հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։
Սթարմերի ծրագրված այցի մասին Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ չհստակեցնելով, թե Բրիտանիայի վարչապետը երբ կայցելի երկիր։ Bloomberg-ի աղբյուրը պարզաբանում է, որ Սթարմերի այցը ծրագրվում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպան մեծացնում է նախապատրաստական աշխատանքները՝ կապված ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հետ։
Սթարմերի ծրագրած այցը կլինի Ուկրաինա նրա առաջին ուղեւորությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, նշում է Bloomberg-ը։
Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը քննարկվում է 2024 թվականից։ Հարցի շուրջ քննարկումներն ակտիվացան դեկտեմբերի սկզբին, երբ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Reuters-ը հայտնել էր, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Մեծ Բրիտանիայից Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, որի գործառույթը կլինի խաղաղության համաձայնագրի պայմանների կատարմանը հետեւելը, եթե հնարավոր դառնա դրա կնքումը։
Թրամփը, ըստ Reuters-ի, բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին եւ պնդել, որ դա պետք է անեն եվրոպացիները։
Զելենսկին դեկտեմբերի կեսերին հաստատել էր, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է երկրում խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, սակայն որոշ առաջնորդներից դրական ազդակներ արդեն կան: