ԱՄՆ կառավարությունը բարձրացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը նպաստող տեղեկության համար առաջարկվող պարգեւավճարի չափը՝ այն 15 միլիոն դոլարից հասցնելով 25 միլիոնի։ Այդ մասին հայտարարվում է ուրբաթ օրը նախագահական երրորդ ժամկետն անընդմեջ Մադուրոյի ստանձնելուց հետո։ Ընտրություններում նրա հաղթանակը չի ճանաչում աշխարհի երկրների մեծ մասը, իսկ երկրում հազարավոր մարդկանց մասնակցությամբ շարունակվում են բողոքի ակցիաները։
Պարգեւավճարի բարձրացման, ինչպես նաեւ Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցների եւս մեկ փաթեթի ներդրման մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ ընթանում էր Վենեսուելայի առաջնորդի երդմնակալության արարողությունը։ Նա երկիրը կկառավարի եւս վեց տարի ժամկետով:
Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ Մադուրոն ներգրավված է թմրանյութերի մաքսանենգության մեջ։
ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ աշխարհի շատ այլ երկրներ չեն ճանաչում Նիկոլաս Մադուրոյին որպես հուլիսին Վենեսուելայում կայացած ընտրությունների իրական հաղթողի։ Այս երկրները ընդդիմության երկրի առաջնորդներից եւ Մադուրոյի գլխավոր մրցակից Էդմունդո Գոնսալեսին համարում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։
Օտարերկրյա դիտորդների կարծիքով հուլիսյան ընտրությունները կեղծվել են հոգուտ գործող նախագահի, որին հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը փաստացի նշանակել էր որպես իր իրավահաջորդի:
Ընտրություններից անմիջապես հետո Վենեսուելայի ընդդիմությունը հրապարակեց ձայների սեփական հաշվարկների արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ Գոնսալեսը միակ հաղթողն էր:
Այնուամենայնիվ, Չինաստանը եւ Ռուսաստանը շարունակում են աջակցել Մադուրոյին, որն իր երդմնակալության ժամանակ խոստացավ, որ իր երրորդ նախագահական ժամկետը «խաղաղության ժամանակ» կլինի երկրի համար։
Վերջին ամիսներին երկրում իրավիճակը հեռու է եղել խաղաղ լինելուց․ կոպտորեն շարունակվում են ճնշվել ինքնաբուխ բողոքի ակցիաները, որոնց հետեւանքով բանտարկվել են հարյուրավոր ցուցարարներ:
Հայտնի է, որ երդմնակալության աարողությունն անցել է ոստիկանության եւ այլ ուժային կառույցների խիստ հսկողության ներքո։ Դահլիճ չի թույլատրվել անգամ հավատարմագրված լրագրողների մուտքը։ Հայտնի է նաեւ, որ այլ երկրների ղեկավարներից արարողությանը ներկա են եղել միայն Կուբայի եւ Նիկարագուայի ղեկավարները։