Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետեւանքով զոհված անձանց թիվը հասել է 24-ի։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության վարչությանը։
Շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հունվարի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ փրկարարներն ու ոստիկանությունը որոնողական գործողություն են սկսել Իտոն շրջանում, որի ընթացքում նրանք արդեն գտել են երեք զոհերի դիեր։
«Քանի որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, ես, ցավոք, ակնկալում եմ, որ զոհերի թիվը կավելանա»,- նշել է շերիֆը:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմն էլ հայտարարել է, որ նահանգում բռնկված հրդեհները կարող են դառնալ ԱՄՆ-ի ամենամեծ աղետը՝ տնտեսական կորուստների առումով: Նա նույնպես կարծիք է հայտնել, որ զոհերի թիվը, հավանաբար, «շատ ավելի մեծ կլինի»:
Հրդեհները Լոս Անջելեսի շրջանում բռնկվել են հունվարի 7-ից։ Շիջման աշխատանքները բարդանում են ուժեղ քամիների պատճառով, որոնք հանգեցնում են կրակի արագ տարածմանը։ Ընդհանուր առմամբ, հրդեհներն ընդգրկել են ավելի քան 16 հազար հեկտար տարածք։ Վերջին տվյալներով՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 10 հազար շինություն։