Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւի՝ «Իզ ալ-դին ալ-Քասամ բրիգադների» ղեկավար Մուհամմադ Սինվարը դարձել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով՝ Մուհամմադ Սինվարը ՀԱՄԱՍ-ի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է, որը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Աղբյուրները նշում են, որ շարժման նոր ղեկավարը ակտիվ ջանքեր է գործադրում խմբավորումը վերակենդանացնելու համար, քանի որ նրա մարտական հնարավորությունները լրջորեն խաթարվել են իսրայելական ռազմական գործողության հետեւանքով, որն ընթանում է Գազայում 2023 թվականի հոկտեմբերից։
The Wall Street Journal-ին աղբյուրները հայտնել են, որ Յահյա Սինվարի սպանությունից հետո Կատարում գործող ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը նոր ղեկավար չի ընտրել եւ որոշել է անցնել կոլեկտիվ ղեկավարության։
Գազայի հատվածում իսրայելական բանակի դեմ պայքարող մարտիկները հրաժարվել են կոլեկտիվ ղեկավարությանը ենթարկվելուց եւ այժմ «ինքնավար են գործում» Մուհամմադ Սինվարի ղեկավարությամբ։ Նշվում է, որ նա մտերիմ է եղել շարժման ռազմական թեւի նախկին ղեկավար Մուհամմադ ալ-Դեյֆի հետ, որը սպանվել է 2024 թվականի հուլիսին իսրայելական հարվածների հետեւանքով։
Պարբերականի տվյալներով՝ Մուհամմադ Սինվարը շատ վաղուց է միացել ՀԱՄԱՍ-ին եւ այժմ մոտ 50 տարեկան է։ Նրա հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել ավագ եղբոր գործունեությունը։ Ըստ աղբյուրների՝ Մուհամմադ Սինվարին հաջողվել է երկար ժամանակ թաքնվել Իսրայելի հետախուզական ծառայություններից, ինչի համար էլ ստացել է «Ստվեր» մականունը։
Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Մուհամմադ Սինվարը ներգրավված է եղել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրեական պետության վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման եւ 2006 թվականին իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի առեւանգման կազմակերպման մեջ: 2011 թվականին Շալիթի դիմաց իսրայելական բանտերից Գազա էին վերադարձվել ՀԱՄԱՍ-ի 1027 կողմնակիցներ, այդ թվում՝ Մուհամմադ Սինվարի ավագ եղբայրը՝ Յահյան։
Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ ՀԱՄԱՍ-ը այս հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց դրա զանգվածային ռմբակոծումը, որից օրեր անց ցամաքային գործողություն սկսեց շրջանում։