ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արդեն գրանցվել է այն օրինագիծը, ըստ որի` ԱՄՆ-ը կհրաժարվի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի եւ նրա դաշնակիցների կառավարությունը ճանաչելուց, Սալոմե Զուրաբիշվիլիին կճանաչի Վրաստանի օրինական առաջնորդ եւ կպահանջի նոր ընտրություններ։
«Վրացական մղձավանջների չճանաչման ակտի» («Վրացական երազանք»-ի չճանաչման ակտ — հեղ.) հեղինակներն են հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը՝ Հարավային Կարոլինայից, եւ դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոհենը՝ Թենեսիից։
Կոնգրեսի օրենսդրական տեղեկագրում կարդում ենք, որ ակտը կքննարկի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նաեւ` իրավական հանձնաժողովը:
«Իվանիշվիլիի ռեժիմի կողմից վրաց ժողովրդի դեմ շարունակվող հանցագործությունների պատճառով Վաշինգտոնը չպետք է ճանաչի կամ կարգավորի հարաբերությունները վրացական որեւէ կառավարության հետ, որը գլխավորում է Բիձինա Իվանիշվիլին կամ նրա որեւէ դաշնակից»,- գրված է «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ում:
Փաստաթուղթն արգելում է ԱՄՆ կառավարությանը «որեւէ գործողություն ձեռնարկել կամ դաշնային միջոցներ հատկացնել, ինչը կճանաչի Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը»: Բացի այդ՝ օրինագիծը Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչում է որպես «Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդ», իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները որակում է «կեղծված»։
Նորայր Միսկարյան