Ժնեւում մեկնարկել է Իրանի եւ «եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) բանակցությունների նոր փուլը։ Այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։
«Այսօր Ժնեւում բանակցություններ են ընթանում Իրանի եւ եվրոպական երեք երկրների միջեւ։ Դրանք ներառում են մի շարք հարցեր եւ կշարունակվեն վաղը։ Մենք երբեք չենք մերժել բանակցությունները»,- ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ «բանակցությունները երկկողմանի ճանապարհի են նման, որտեղ պետք է փոխադարձ հարգանք դրսեւորվի, եւ հաշվի առնվեն ընդհանուր շահերը»։
2024 թվականի նոյեմբերի 29-ին Իրանի ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին եւ Քազեմ Ղարիբաբադին Ժնեւում հանդիպել են Միացյալ Թագավորության, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը քննարկելու համար։
Ըստ Farhikhtegan թերթի՝ Ժնեւ մեկնելուց առաջ Թախտ-Ռավանչին նորվեգական կողմի նախաձեռնությամբ այցելել էր Օսլո, որտեղ մի շարք հանդիպումներ էր անցկացրել՝ նպատակ ունենալով հիմք դնելու ԱՄՆ-ի հետ ապագա բանակցությունների համար։
2015 թվականին կնքվել է Իրանի միջուկային համաձայնագիրը, որը նախատեսում էր չեղարկել Թեհրանի նկատմամբ ամենախիստ սահմանափակումները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, միջուկային ծրագրի զարգացման տեմպերի կրճատման դիմաց։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։ Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրեց Իրանի դեմ (բայց ոչ ՄԱԿ-ի) պատժամիջոցների վերականգնմանը: