Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ուկրաինական կարգավորման եւ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։
Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցությունների համար առարկայական նախապատրաստություններ դեռեւս չկան։
«Շատ երկրներ առաջարկում են իրենց ծառայությունները, որտեղ կարելի է հիպոթետիկ կապեր հաստատել: Բայց այս մասին դեռ վաղ է խոսելը։ Առարկայական նախապատրաստություններ դեռեւս չկան։ Կան հայտարարված ըմբռնում եւ քաղաքական կամք, որ նման շփումները անհրաժեշտ ու տեղին կլինեն»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով տարբեր երկրներից հնչած հայտարարությունները Պուտին-Թրամփ հնարավոր բանակցությունները կազմակերպելու պատրաստակամության մասին։
Պեսկովը հավելել է, որ սրա մասին ավելի կոնկրետ հնարավոր կլինի խոսել Վաշինգտոնում վարչակազմի փոփոխություններից հետո։ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Պուտին-Թրամփ բանակցությունների ինտենսիվ նախապատրաստությունների մասին հայտարարել էր ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի թեկնածու, կոնգրեսական Մայք Ուոլցը։ Նրա խոսքերով՝ «առաջիկա օրերին կամ շաբաթներին» կարող է նաեւ հեռախոսազրույց տեղի ունենալ նրանց միջեւ։