Իրանը մի քանի անգամ գաղտնի դիվանագիտական առաքելություններով Ռուսաստան է ուղարկել Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականին, նպատակը Թեհրանի ռազմական հնարավորությունների ամրապնդման հարցերի քննարկումն է եղել: Այդ մասին գրում է The Times-ը։
Ըստ պարբերականի՝ Մոսկվա ուղեւորվողը Իրանի առաջնորդի ավագ խորհրդական, Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, միջուկային ծրագրի շուրջ բանակցող այաթոլլա Ալի Լարիջանին է: Արեւմտյան հետախուզությունը կարծում է, որ այդ ուղեւորությունների նպատակը միջուկային ծրագրի զարգացման հարցում Ռուսաստանից օգնություն եւ փորձաքննական աջակցություն ստանալու Իրանի փորձերն են։ Նշվում է, որ այցերն իրականացվել են գաղտնի պայմաններում, քանի որ Թեհրանը եւ Մոսկվան վախենում են Արեւմուտքի պատժամիջոցների խստացումից:
Իրանը նաեւ ցանկանում է ձեռք բերել ռուսական Սու-35 կործանիչի վերջին տարբերակը եւ վերականգնել իր հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք ոչնչացրել են իսրայելական ռազմական օդանավերը 2024-ի հոկտեմբերի 26-ին, հայտնում են The Times-ի աղբյուրները։
Պարբերականը հայտնում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի ընդգրկուն ներկայությունը՝ Թեհրանը նյութատեխնիկական օգնություն է խնդրել «Հեզբոլլահին» վերազինելու համար, որի զինանոցը զգալիորեն տուժել է Իսրայելի հետ վերջին պատերազմի պատճառով։
Աղբյուրները նաեւ նշել են, որ հրթիռների եւ անօդաչու սարքերի մատակարարման հարցում Իրանից Ռուսաստանի ունեցած կախվածությունը հաշվի առնելով՝ «մտահոգություններ կան, որ Մոսկվան պատրաստ կլինի անցնելու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված նախկինում գծված կարմիր գծերը»։
Միջուկային զենքի չտարածման հարցերով ՆԱՏՕ-ի նախկին տնօրեն Ուիլյամ Ալբերկը նշում է, որ թեեւ Իրանը միջուկային ռումբ ստեղծելու հարցում օգնության կարիք չունի, այուամենայնիվ, «կշահի Ռուսաստանի հետ գաղտնի համագործակցությունից»: Նա ենթադրում է, որ իրանցի փորձագետները կարող են շատ բան սովորել, նույնիսկ եթե նրանց ուղարկեն Ռուսաստանի միջուկային օբյեկտներից մեկը ընդամենը 24 ժամով:
The Times-ը նշում է, որ Թեհրանի եւ Մոսկվայի համագործակցության ամրապնդումը տեղի է ունենում Իրանի համար կրիտիկական պահին, որը Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո կորցրել է Մերձավոր Արեւելքում ունեցած դիրքերը եւ բախվել է տնտեսական աճող դժվարությունների Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով։
Միեւնույն ժամանակ, Մոսկվայի հետ Թեհրանի համագործակցությունն ամրապնդվում է նաեւ պաշտոնական դաշտում։ Հունվարի 17-ին նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Մոսկվա, որտեղ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կստորագրի ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիրը, հաղորդում է Կրեմլը։
Նշենք, որ այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Թեհրանը Վիեննայում բանակցություններ է սկսել «եվրոպական եռյակի» երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա), որի նպատակն է հասնել Արեւմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ ունեցած հակասությունների վերացմանը։
Axios-ը գրում է, որ Իրանի միջուկային ծրագիրը «զգալի առաջընթաց է ապրել» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման տարիներին։ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել էր, որ Իրանը հարստացված ուրանի արդյունահանման մակարդակը հասցրել է մինչեւ 60 տոկոս (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչեւ 90% եւ ավելի հարստացված ուրան)։