Ավտովթարի հետեւանքով մահացել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ հունվարի 13-ին՝ 16:41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում, նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցներ։
Քիչ առաջ էլ տելեգրամյան ալիքում իր ցավակցությունն է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ գրելով․ «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»: