Վերջին շրջանում հանրային մի շարք բանավեճերի ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք գործիչներ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ տարածում են վնասակար եւ կեղծ թեզեր, որոնք բովանդակային առումով կարելի է բաժանել մի քանի մասերի.
ա) ԵՄ դիտորդական առաքելությունը չի նպաստում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով խաղաղությանը եւ կայունությանը:
բ) ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը դեմ են տարածաշրջանային բոլոր դերակատարները եւ հատկապես Իրանը:
գ) ԵՄ դիտորդական առաքելությունը չի կանխարգելել Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական էսկալացիաները, եւ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է մարդկային կորուստներ:
դ) ԵՄ դիտորդական առաքելությունը համարվում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածք՝ նկատի ունենալով Կանադայի՝ ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու նախաձեռնությունը, ինչը կարող է Ադրբեջանի կողմից դառնալ պատեհ առիթ՝ արդարացնելու իր ռազմական ներխուժումները։
Ստորեւ անդրադառնանք այս թեզերի հիմնազուրկ բնույթին, ինչպես նաեւ հակիրճ ներկայացնենք այն ռազմաքաղաքական հանգամանքները, որոնց պայմաններում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվեց Հայաստանում։
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից առաջ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել Հայաստանի դեմ՝ ներխուժելով ու բռնազավթելով ՀՀ ինքնիշխան տարածքներ։ Սահմանի այդ հատվածներում, ի դեպ, տեղակայված են եղել ռուսական ուղեկալներ, որոնք անգործության են մատնված եղել այդ ընթացքում։ Նման առաջին հարձակումը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Սյունիքի մարզի Սեւ լճի հատված։ Արդեն 2021 թվականի նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչի հետեւանքով Հայաստանի ԶՈՒ չորս մարտական դիրքեր հայտնվեցին շրջափակման մեջ։ 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի տարածքում եւս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումներ տեղի ունեցան, որի հետեւանքով վիրավորվել էր 4, եւ գերեվարվել՝ 12 հայ զինծառայող։ Վերջին լայնամասշտաբ ներխուժումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին․ հայկական կողմի մարդկային կորուստները, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցեցին 220-ը, ավելի քան 20 հոգի գերեվարվեց, վիրավորվեց 293-ը։ Ըստ տարբեր տվյալների՝ շուրջ 150 քմ կմ տարածք օկուպացվեց հակառակորդի կողմից, վնասվեցին մեծ թվով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ահա այսպիսի ռազմաքաղաքական պայմաններում սկսեց իր գործունեությունը ծավալել ԵՄ դիտորդական առաքելությունը, որը չզինված, քաղաքացիական առաքելություն էր՝ միտված առաջին հերթին սահմանների դիտարկմանը եւ սահմանային դեպքերի նվազեցմանը։
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման գործընթացը
Ադրբեջանի կողմից 2022 թվականի սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայից շաբաթներ անց ԵՄ առաջին քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց Հայաստանում։ Դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել էր Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման ընթացքում։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվեցին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։
ԵՄ երկրորդ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով։ ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական եւ չզինված առաքելություն է, որը դիտարկում է սահմանային դրությունը եւ մշակում դրա վերաբերյալ զեկույցներ։
Դիտորդական առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է հետեւյալ երկու նպատակով.
- նպաստել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային շրջաններում հրադադարի խախտման դեպքերի նվազեցմանը,
- բարձրացնել սահմանային շրջաններում բնակվող բնակչության շրջանում անվտանգության եւ ապահովության զգացողությունը։
Նշենք նաեւ, որ այս պահին ակտիվորեն քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը, եւ չի բացառվում, որ առաքելության գործունեությունը եւս մեկ կամ երկու տարով երկարաձգվի։
Իրավիճակը առաքելության տեղակայումից հետո
Ուսումնասիրելով առաքելության տեղակայումից հետո ՊՆ մամլո հաղորդագրությունների վիճակագրությունը՝ կարող ենք նկատել, որ սահմանային լարվածության դեպքերը էականորեն նվազել են։ Առաքելության տեղակայումից հետո, իհարկե, եղել են մի շարք սահմանային դեպքեր, սակայն պետք է փաստենք, որ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ հատված։ Այսպիսով՝ տարածված պնդումը, թե Ադրբեջանը առաքելության տեղակայումից հետո ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, եւ առաքելությունը չի կարողացել կանխարգելել այն, չի համապատասխանում իրականությանը։ Նշենք նաեւ, որ հենց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն է մի քանի ամիս առաջ պնդել, որ առաքելությունը կարողացել է նպաստել սահմանային դեպքերի նվազեցմանը, ինչպես նաեւ սահմանաբնակ շրջանի բնակիչների անվտանգ կենսագործունեության մակարդակի բարձրացմանը։
Տարածված մյուս թեզը, թե տարածաշրջանային բոլոր ուժերը, այդ թվում՝ Իրանը դեմ են առաքելության գործունեությանը, բոլորովին վերջերս արդեն իսկ հրապարակային արժանացավ լուրջ պատասխանի Իրանի դեսպանի եւ առաքելության ղեկավարի մակարդակով։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր բազմիցս ադրբեջանական եւ ռուսական կողմի ներկայացուցիչները փորձել են առաքելության «վտանգավորության» մասին խոսույթում մասնակից դարձնել նաեւ Իրանին։ Այնինչ Իրանի դեսպանը The New York Times-ի հետ զրույցում նշել էր, որ ՌԴ-ն եւ Իրանը Հարավային Կովկասում դաշնակիցներ չեն, իսկ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն էլ իր հերթին հայտնել էր իր տպավորությունը, որ Իրանը Հայաստանի բարեկամն է եւ կարծես թե դեմ չէ դիտորդական առաքելության գործունեությանը։
Իրականությունից հեռու եւ միեւնույն ժամանակ վտանգավոր թեզ է ԵՄ դիտորդական առաքելությունը որպես ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածք դիտարկելն ու այդ թեզը ներհայաստանյան խոսույթում շրջանառելը։ Այդ թեզը հենց Իլհամ Ալիեւն է առաջին անգամ շրջանառել վերջերս տված հարցազրույցում, որը, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, քանի որ առաքելությունը չզինված դիտորդական աշխատանք է կատարում։ Թե ինչ նպատակ են հետապնդում Հայաստանում այդ թեզը շրջանառողները, իհարկե, բարդ է ասել եւ կարելի է թողնել ընթերցողների հայեցողությանը։
Այսպիսով, անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ հանրային դաշտ նետված կեղծ թեզերին, կարող ենք նշել հետեւյալը.
ա) ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը մեծապես նպաստել է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով խաղաղությանը եւ կայունությանը:
բ) ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը տարածաշրջանային ուժերից դեմ են եւ դրա մասին հրապարակային մի քանի անգամ նշել են Ադրբեջանն ու Ռուսաստանը:
գ) ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո եղել են սահմանային դեպքեր, սակայն, ի տարբերություն նախորդած մի քանի տարիների, Ադրբեջանը չի նախաձեռնել ռազմական լայնամասշտաբ գործողություններ եւ չի օկուպացրել գեթ մեկ քառակուսի մետր Հայաստանի ինքիշխան տարածքից:
դ) ԵՄ դիտորդական առաքելությունը չզինված, քաղաքացիական առաքելություն է, չունի ՆԱՏՕ-ին բնորոշ կամ ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական ենթակառուցվածքներ Հայաստան-Ադրբեջան սահմանին կամ այլ տեղ։
Յուրի Մովսեսյան