Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրության հենց առաջին հոդվածով ամրագրվում է, որ մեր երկիրը նաեւ սոցիալական պետություն է: Դա ոչ թե հուշում, ոչ թե հորդորում, խորհուրդ է տալիս, այլ պարտադրում է իշխանություններին շատ-շատ լուրջ վերաբերվել սոցիալական հարցերին ու խնդիրներին՝ որպես սահմանադրական պարտավորության։ Իսկ գործնականում պարբերաբար ականատես ենք լինում այս հակառակ դրսեւորմանը։
Վերջինն էլ կառավարության հունվարի 9-ի նիստի ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ տարավ, ո՛չ բերեց, հայտարարեց, թե՝ «մարդուն պետք է շատ ուղիղ ասել՝ հարգելի՛ս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն քո աղքատությունը ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով: Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է, ոչ մեկը պարտավոր չէ` գնա առավոտից իրիկուն աշխատի, որ դու քո յոթ անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես»։ Հետո էլ ավելացրեց՝ «Մենք իրեն պետք է օգնենք աշխատանքի շուկայում աշխատանք գտնի. եթե ոչ, աղքատը աղքատ է, իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, ինքն է իր աղքատության պատասխանատուն, թող դպրոցում սովորեր, թող համալսարանում սովորեր, չի սովորել, հիմա թող սովորի»:
Աղքատությունը մարդկանց գլուխներում էր, հետո ծուլությամբ էր պայմանավորված, ապա աղքատներին աղքատության հասցրած «մեղքերի» շարքին ավելանում է նաեւ չկրթվելու «մեղքը»։ Իսկ գոնե ՀՀ վիճակագրական կոմիտեն չէ՞ր հուշել, որ Հայաստանում աշխատունակ գործազուրկների ահռելի բանակ կա, որ աշխատանք փնտրողների ահռելի բանակ կա, որ անգամ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր աշխատատեղի հավակնում է ակտիվ աշխատանք փնտրող 20 քաղաքացի։
Այսպես՝ 2023 թվականի տվյալներով, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2023 թվականին Հայաստանի բնակչության 42.6 տոկոսը կամ շուրջ 1,3 միլիոն մարդ պաշտոնապես համարվում է աղքատ, քանի որ նրանց եկամուտները ցածր են աղքատության վերին գծից՝ ամսական 64 հազար 146 դրամից։ Այսինքն՝ բոլոր այն կենսաթոշակառուներն ու սոցիալական նպաստներ ստացողները, որոնք այլ եկամտի աղբյուր կամ խնամող կամ օգնող չունեն, աղքատ են։ Բայց դա էլ դեռ մի կողմ․ կառավարության ղեկավարը ոչինչ չի ասում, այսպես ասած, «աշխատող աղքատների» մասին։ Իսկ այդպիսիք նույնպես քիչ չեն։
Բայց Փաշինյանի ասածից ստացվում է, որ մեր «խեղճ» կառավարությունը ինչ էլ անում է, նրանք իրենց գլուխներից չեն հանում աղքատությունը, չեն կտրվում իրենց բազմոցներից ու չեն աշխատում քիչ է, դեռ մի բան էլ ավելի՝ աղքատ են, որովհետեւ դպրոցում կամ համալսարանում լավ չեն սովորել։ Ի դեպ, երբ նայում ենք նույն պաշտոնական վիճակագրական ցուցանիշերին, ապա «Աղքատությունն ըստ կրթության մակարդակի» բաժնի տվյալների պարզվում է, որ նրանց 21,2 տոկոսն ունի միջնակարգ մասնագիտական, իսկ 14,5 տոկոսը՝ բարձրագույն կրթություն, այսինքն՝ գոնե դպրոցում սովորել են այնպես, որ հետագայում կարողացել են ուսումը շարունակել։
Իսկ ե՞րբ են մարդիկ սկսում աղքատանալ․ երբ մարդկանց եկամուտները կրճատվում, չեն աճում կամ աճում են անհամեմատ ավելի դանդաղ, քան ապրանքների եւ ծառայությունների գները։ Այդ դեպքում մարդիկ, որպես կանոն, սկսում են դիմել ամենատարբեր թանկ ֆինանսական գործիքների օգնությանը եւ էլ ավելի են ծանրացնում իրենց սոցիալական վիճակը։ Դատելով վիճակագրական ցուցանիշերից՝ վերջին վեց տարում սպառողական վարկերի ծավալը կրկնապատկվել է։ Իսկ սպառողական վարկերն ուղիղ կապ ունեն քաղաքացիների եկամուտների եւ սոցիալական իրավիճակի հետ, եւ սպառողական վարկերի ծավալի էական ավելացումը նշանակում է, որ շատերը, հնարավորություններ ու միջոցներ չունենալով, վարկերի հաշվին են փորձում լուծել իրենց կենցաղային առաջնային ու հրատապ խնդիրները։
Իսկ ի՞նչ է արել կամ անում Կառավարությունը. այո՛, շարունակում է անել այնպիսի քայլեր, որոնք ավելի են խորացնում մարդկանց սոցիալական խնդիրները. ովքեր բավարար էին ապրում, սկսելու են վատ ապրել, իսկ ովքեր վատ էին ապրում, սկսելու են էլ ավելի վատ ապրել։
Այս տարվանից շուրջ 780 հազար քաղաքացի պետք է ներկայացնի հայտարարագիր եկամուտների վերաբերյալ։ Եվ այստեղ կապ չունի, թե ինչպես են ստացվել այդ եկամուտները։ Ու եթե հարկեր չեն վճարել, ապա արդեն իրենց եկամուտների 20 տոկոսը պիտի վճարեն որպես հարկ։ Դեռ մի կողմ, թե ինչպիսի տեխնիկական խնդիրներ կարող են ստեղծվել։ Մեր քաղաքացիների համար իսկական աղետը սկսվելու է հետո՝ հայտարարագրերի իսկության ճշգրտման ու չհայտարարագրված եկամուտների դիմաց հարկերը վճարելու ժամանակ։
Հաջորդ ամսվանից Երեւանի քաղաքային տրանսպորտը 2-3 անգամով կթանկանա։
Շարունակաբար ավելանում է գույքահարկը, քանի որ 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այսուհետեւ հաշվարկվում է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա, ինչի հետեւանքով տարեցտարի ավելանում է անշարժ գույքի հարկը։
Այս տարվանից հարկային մոտեցումներն են փոխվել՝ կրկնակի ավելացնելով հատկապես փոքր ու միջին բիզնեսի, տնտեսվարողների հարկային բեռը։ Կառավարության մեկ այլ նախաձեռնությամբ գործունեության բազմաթիվ տեսակներ շրջանառության հարկից կանցնեն ընդհանուր հարկային դաշտ։
Հուլիսի 1-ից էլ մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից եւ շրջանառության հարկով հարկման համակարգից տեղափոխվելու են հարկման ընդհանուր համակարգ: Այս «նորարարությամբ» էլ մասնագիտական գործունեություն իրականացնողներից շատերը պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ արդեն նման գործունեությամբ զբաղվելը գրավիչ չի լինի։ Ինչ վերաբերում է մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ապա հարկային փոփոխությունները նրանցից ոմանց համար կլինեն բիզնես գործունեության վերջակետը։ Իսկ ովքեր էլ մնան, ստիպված են լինելու գնալ իրենց կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման, քանի որ հարկային բեռի ավելացումները, որպես կանոն, ազդում են ապրանքների ու ծառայությունների գների վրա՝ թանկացման միտումով։
Այս ամենի հետեւանքով, ակնհայտ է, կյանքը Հայաստանում էլ ավելի կթանկանա, կբարդանա, ավելի շատ մարդիկ կթակեն աղքատության դուռը կամ կբռնեն արտագաղթի անորոշ ճամփաները։
Իսկ այս ամենի համար ո՞վ է մեղավոր․․․ իհարկե, աղքատները, որ գլուխներից աղքատությունը չեն հանում, գործազուրկները, որ չեն աշխատում, կրթություն ստացածները, որ լավ չեն սովորել, կրթություն չստացածները, որ չեն հասկացել կրթության նշանակությունը, արտագնա աշխատանքի մեկնողները, որ դրսում գումար աշխատելուց եւ Հայաստան ուղարկելուց հետո այստեղ հարկեր չեն մուծել, բազմոցին նստած աշխատունակ չաշխատողները, անաշխատունակ աշխատողները․․․ բոլորը՝ անմիջական պատասխանատուներից բացի։
Գեւորգ Ավչյան