Այսօր` հունվարի 14-ին, Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը»։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Միջոցառումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:00-ին եւ կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ-ի հարթակներով:
Նախօրեին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ նախարար Միրզոյանը հունվարի 14-15-ը աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում։
Հիշեցնենք՝ 2024 թվականին ծավալած գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանը նշել էր, որ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել եւ ներառել Հայաստանի դիմակայունության եւ կայուն զարգացման համար կարեւոր ուղղություններ։
«Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»,- հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը: