Գազայի հատվածի կարգավորման շուրջ Կատարում ընթացող բանակցությունների մասնակիցներն արդեն անցել են գործարքի մանրամասների քննարկմանը, որը բացի պատանդների ու բանտարկյալների ազատ արձակումից կներառի նաեւ իսրայելական բանակի դուրսբերմանն առնչվող հարցերը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ներկա պահին բանակցողները գործարքի նրբությունները քննարկելու մակարդակին են հասել։ Այլ կերպ ասած՝ [քննարկվում են] Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների եւ ազատ արձակման ենթակա պատանդների թիվը, փոխանակման գրաֆիկը եւ ժամանակային պատուհանը, ինչպես նաեւ Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման ճշգրիտ մանրամասները»,- նշել է Քիրբին CNN-ին տված հարցազրույցում։
Քիրբիի խոսքերով՝ այժմ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը զգալիորեն տարբերվում է համաձայնության հասնելու նախորդ մի քանի փորձերի ժամանակ եղածից, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զգալիորեն թուլացել է Իսրայելի հետ պատերազմի հետեւանքով:
Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցողներին հանձնարարել է մեկնել Դոհա՝ շարունակելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ խորհրդակցությունները։ Հունվարի 12-ին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում հայտարարեց, որ կողմերը «շատ մոտ են» հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունը։
Հունվարի 12-ի երեկոյան Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում բանակցությունների առաջընթացը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատելու համար Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ միջնորդների ներգրավմամբ բանակցությունների մի քանի փուլեր անցկացվեցին, սակայն դրանք փակուղի մտան: Կողմերը չկարողացան հասնել 2023 թվականի նոյեմբերի վերջին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շարունակությանը, որի համաձայն` մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ արձակվեցին 105 պատանդներ։ Իսրայելը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առեւանգված 251 պատանդներից 96-ը դեռ Գազայի հատվածում են։
Դեկտեմբերի վերջից բանակցությունները վերսկսվել են, եւ թե՛ միջազգային, թե՛ իսրայելական մամուլը բազմիցս են գրել դրական առաջընթացի մասին։