ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է վերանայեն որոշ ծախսեր, որպեսզի ավելի շատ գումար ուղղեն պաշտպանական կարիքներին։ Այդ մասին նա ասել է հունվարի 13-ին Եվրախորհրդարանում իր ելույթում, գրում է Politico-ն։
Հյուսիատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղի խոսքերով՝ պաշտպանական ծախսերը պետք է ավելացվեն ՀՆԱ-ի 2%-ի չափով։
Ռյուտեն, որն առաջին անգամ ելույթ էր ունենում Եվրախորհրդարանում որպես դաշինքի գլխավոր քարտուղար, հայտարարել է, որ իր նպատակներից մեկն է հասնել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մերձեցմանը՝ նպատակ ունենալով հակազդելու Կրեմլի «ապակայունացման արշավներին» եւ Չինաստանից եւ Իրանից բխող սպառնալիքներին:
«Մենք այժմ ապահով ենք, բայց ի՞նչ կլինի չորս-հինգ տարի հետո…»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ եթե պաշտպանական ծախսերը չավելանան, եվրոպացիները ստիպված կլինեն «ռուսերենի դասընթացներ անցնել կամ մեկնել Նոր Զելանդիա»։
«Ես խորապես մտահոգված եմ Եվրոպայում անվտանգության իրավիճակով։ Մենք պատերազմական վիճակում չենք, բայց խաղաղ վիճակում էլ չենք: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք պաշտպանության ոլորտում եւ զարգացնենք կարողությունները: Սա չի կարող սպասել: Մենք պետք է բարձրացնենք հասարակությունների եւ կարեւոր ենթակառուցվածքների դիմադրողականությունը»,- ասել է Ռյուտեն:
Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանության վրա տարեկան ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 5%-ը։ Ներկայում, ՆԱՏՕ-ի շրջանակում պայմանավորվածությունների համաձայն, անդամ երկրները պետք է պաշտպանության վրա ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ը։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայն են Թրամփի առաջարկած պաշտպանական ծախսերի ավելացմանը, սակայն չեն հաստատել նրա 5%-անոց ծախսի մասին պահանջը, հաղորդում է Reuters-ը: FT-ի աղբյուրներից մեկը կարծում է, որ Թրամփը, ի վերջո, կարող է համաձայնել ՀՆԱ-ի 3,5%-ի մակարդակին, սակայն դրա դիմաց Վաշինգտոնը եվրոպացի դաշնակիցներից ԱՄՆ-ի հետ առեւտրի ավելի բարենպաստ պայմաններ կպահանջի։