Հունվարի 10-ին ռուսական նավթագազային արդյունաբերության եւ ստվերային նավատորմի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 65 լցանավ է կուտակվել Չինաստանի եւ Ռուսաստանի ափերի մոտ: Այդ մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով նավերի տեղաշարժին հետեւող ծառայությունների տվյալներին։
Լրատվականի փոխանցմամբ՝ հինգ լցանավ այժմ խարսխված է չինական նավահանգիստների մոտ, եւս յոթը՝ Սինգապուրի ափերի մոտ, իսկ մնացածը՝ Ռուսաստանի ափերի մոտ՝ Բալթիկ ծովում եւ Հեռավոր Արեւելքում:
Ինչպես նշում է Reuters-ը, առեւտրի դադարեցումը հավելյալ ճնշումներ է ավելացնում նավերի վրա, որոնք արդեն տուժել էին ԱՄՆ նախկին պատժամիջոցների պատճառով։ Խոսքը 25 նավթատար նավերի մասին է, որոնք կանգնել էին իրանական նավահանգիստներում, ինչպես նաեւ Սուեզի ջրանցքի մոտ:
Հունվարի 14-ին Bloomberg-ը հայտնել է, որ ռուսական նավթ տեղափոխող երեք տանկերներ արգելափակվել են Դեղին ծովում՝ Չինաստանի արեւելյան ափերի մոտ, երբ հունվարի 10-ին դրանք ներառվել էին ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Դրանք այդտեղ էին ուղեւորվել ռուսական Կոզմինո նավահանգստից՝ Պրիմորսկի երկրամասից։ Ավելի ուշ գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանի իշխանությունները նույնպես կհրաժարվեն ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած ռուսական նավթ տեղափոխող տանկերներին ընդունելուց։
Հունվարի 10-ին ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտը հայտարարեց պատժամիջոցների եւս մեկ լայնածավալ փաթեթի մասին, որն այս անգամ վերաբերում էր «Сургутнефтегаза» եւ «Газпром нефть» ընկերություններին՝ իրենց նավթավերամշակման գործարաններով, ինչպես նաեւ ռուսական ստվերային նավատորմի 183 նավերին, որոնք նավթ էին տեղափոխում մեկ բարելի համար սահմանված 60 դոլարից բարձր գնով։