Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր գլխավորած գերատեսչության 2024 թվականի գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մեր երկխոսությունը [Հայաստանի հետ] շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա»,- հայտարարել է Լավրովը։
Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը, որի արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։
«Երեկ ես լսեցի, որ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Արարատ Միրզոյանը [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Բայց սա երկու պետությունների ինքնիշխան որոշումն է»,- ասել է Լավրովը։
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել, եւ ինչպես է կոչվում փաստաթուղթը, այլ այն է, թե ինչ է բխում դրանից։
«Մենք օգտագործել ենք նաեւ «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արեւմտյան երկրների հետ մի շարք պայմանագրերում, սակայն այդ համաձայնագրերը, ռազմավարական գործընկերության հռչակման հետ մեկտեղ, երբեք չեն պահանջել այս կամ այն մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է Լավրովը։