Իսրայելը եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող են հրադադարի հաստատման մասին հայտարարել արդեն այսօր՝ հունվարի 14-ին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իսրայելցի եւ արաբ պաշտոնյաներից ստացած տեղեկությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ավարտում են հարադադարի մասին համաձայնագրի կետերի շուրջ համաձայնության գործընթացը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերն արդեն պայմանավորվել են ամենակարեւոր կետերի շուրջ, սակայն դեռ աշխատում են որոշ ձեւակերպումների վրա։ Միեւնույն ժամանակ երկու կողմերն էլ զգուշացրել են, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքները կարող են փլուզվել ցանկացած պահի, ինչպես նախկինում է եղել, նշում է պարբերականը։
Այն, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ այսօր կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել, հայտնում է նաեւ Jerusalem Post-ը։
Այսօր նաեւ Կատարի վարչապետի խորհրդական, արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմադ ալ-Անսարին է հայտարարել, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի հաստատման վերաբերյալ անուղղակի բանակցությունները վերջին փուլում են եւ կենտրոնացած են համաձայնագրի վերջնական կետերի վրա։
Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցողներին հանձնարարել է մեկնել Դոհա՝ շարունակելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ խորհրդակցությունները։ Հունվարի 12-ին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում հայտարարեց, որ կողմերը «շատ մոտ են» հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունը։
Հունվարի 12-ի երեկոյան Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում բանակցությունների առաջընթացի վերաբերյալ հարցեր։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատելու համար Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի միջնորդների ներգրավմամբ բանակցությունների մի քանի փուլեր անցկացվեցին, սակայն դրանք փակուղի մտան: Կողմերը չկարողացան հասնել 2023 թվականի նոյեմբերի վերջին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շարունակությանը, որի համաձայն` մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ արձակվեցին 105 պատանդներ։ Իսրայելը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առեւանգված 251 պատանդներից 96-ը դեռ Գազայի հատվածում են։
Դեկտեմբերի վերջից բանակցությունները վերսկսվել են, եւ թե՛ միջազգային, թե՛ իսրայելական մամուլը բազմիցս են գրել դրական առաջընթացի մասին։