Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այսօր X-ի էջում հրապարակած գրառման մեջ նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով նախօրեին Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Կոշտան նշել է, որ քննարկել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան»։
«Ես արտահայտեցի ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի ամրապնդելու մեր գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա եւ խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջեւ շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ եւ ճկունություն:
Անհամբեր սպասում եմ անձամբ շուտով հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է Կոշտան։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Կառավարությունն էր հայտնել Կոշտա-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, որի համաձայն՝ վարչապետը գոհունակություն էր հայտնել ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Դրանում նաեւ նշվում էր, որ Կոշտայի խնդրանքով Փաշինյանը ներկայացրել էր Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը եւ շեշտել, որ Երեւանը երբեք չի շեղվի խաղաղության օրակարգից։