Հունվարի 9-ը երկար է հիշվելու Լիբանանում․ երկու տարի աննախագահ մնալուց հետո երկիրն այդ օրը վերջապես նախագահ ունեցավ։ Մի երկիր, որը նոր է դուրս եկել Իսրայելի դեմ պատերազմից եւ հյուծվել էր տարիների տնտեսական անկումից, այս ընտրությամբ նոր փուլ է մտնում, որը, միջազգային փորձագետների դիտարկմամբ, դրական լինելու միտումներ ունի։
1934 թվականից ավանդույթի (դա նաև ամրագրվել է Սահմանադրությամբ) ուժով Լիբանանի Հանրապետության նախագահներն ընտրվում են քրիստոնյա կաթոլիկ մարոնի համայնքից։ Այս անգամ այն երկրի բանակի հրամանատարն է՝ զորավար Ջոզեֆ Աունը, որը հաջորդեց 2016-2022 թվականներին երկիրը ղեկավարած իր ազգանվակից Միշել Աունին, որի հետ ազգակցական ոչ մի կապ չունի։
Ջոզեֆ Աունն անմիջապես կարողացավ իր անվան շուրջը համախմբել ոչ միայն երկրի քաղաքական ուժերի մեծամասնությանը, այլեւ ապահովել տարածաշրջանային կարեւորագույն խաղացողների աջակցությունն ու զորակցությունը։ Լինելով խորհրդարանական հանրապետություն՝ Լիբանանում պետության ղեկավար է ընտրում խորհրդարանը․ Աունը ընտրվեց երկրորդ փուլում, քանի որ առաջին փուլում քաղաքական երկու ուժ դատարկ քվեներ էր նետել, ի վերջո, երկրորդ փուլում նրանք էլ իրենց ձայնը տվեցին, եւ Աունը, ստանալով 99 քվե, ընտրվեց։
Դատարկ քվեների տերերը երկրի շիա բաղկացուցիչներն էին՝ «Հեզբոլլահ» կազմակերպությունն ու «Ամալ» շարժումը։ Վերջինիս առաջնորդը՝ Նաբիհ Բըրին՝ խորհրդարանի նախագահը (որ նաեւ ընտրական նիստն էր ղեկավարում), վաղուց Լիբանանի ներքաղաքական հիմնական գործընթացների «դիրիժորն» է։ Շուրջ 40 տարի է՝ նա տիրական ներկայություն է Լիբանանում։ Լինելով երկրի գրեթե ամենաերկարակյաց քաղաքական գործիչը՝ Բըրին համարվում է երկրի առնվազն չորս նախագահների՝ Էլիաս Հրաուի, Էմիլ Լահուդի, Միշել Սուլեյմանի եւ Միշել Աունի «կնքահայրը»։ Բըրին կարողացել է այդ դերը ստանձնել՝ հենվելով իր արտաքին կապերի վրա ու գործի դնելով ասադյան ռեժիմի ամենավստահելի գործիչներից մեկը լինելու հանգամանքը։
Բայց նախագահական այս ընտրությունը խոշոր ձեւով տարբերվում էր Բըրիի օրոք երկրում տեղի ունեցած մյուս բոլոր ընտրություններից։ Նախ՝ երկրում քաղաքական նոր իրադրություն է, եւ տարածաշրջանային ուժերը նույն դերակատարությունը չունեն, ինչ ունեին նախկինում։ Խոսքը նախեւառաջ Իրանի մասին է, որ անցնող առնվազն քսան տարին Լիբանանում «վետո» դնելու իրավասություն ունեցող քաղաքական ներկայություն էր։ Հաջորդը՝ Սիրիան, որ երկար ժամանակ (փուլերով) համարվել է Լիբանանի իբր թե հովանավոր երկիրը եւ, օգտվելով հովանավորի իր մենաաշնորհից, անասելի ճնշումներ է բանեցրել ամբողջ Լիբանանի եւ լիբանանցիների վրա։ Սիրիայի պատերազմից առաջ, երբ Բաշար Ասադը պարտավորվել էր իր զորքերը քաշել Լիբանանից, այդ ժամանակ, իհարկե, Սիրիայի «հոգատար» վերաբերմունքն ու ազդեցությունը նոսրացել էին, բայց դա երբեք բավարար չէր եղել, որ Սիրիան «առիթավորվի» եւ ինչ-ինչ հաշիվներով միջամտի Լիբանանի ներքին գործերին։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրագրությունն իմացողները շատ լավ գիտեն նաեւ, թե Սիրիան՝ ասադյան ռեժիմով, ինչ մակարդակի ժխտական եւ չարաղետ դեր է ունեցել Լիբանանում։ Սիրիական ուժերը, Լիբանան մուտք գործելով Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջին փուլում, նպատակ ունեին պաշտպանելու քրիստոնյա հատվածները պաղեստինցիներից, բայց իրականում փորձում էին մի նոր Պաղեստին կերտել Լիբանանում։
Հիմա նման իրավիճակներն անցյալում են, եւ Լիբանանն ու Մերձավոր Արեւելքի այդ ամբողջ ավազանը նոր փուլ են մտել։ Այդ փուլի համար մեծ եւ համոզիչ դեր են կատարել Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները, եւ այդ դերի կողքին էլ, անշուշտ, բախտորոշ են եղել «Հեզբոլլահ»-ի թուլացումն ու Բաշար Ասադի անկումը։
Այս բախտորոշ իրադրության ներքո էլ Լիբանանը նախագահ ընտրեց, եւ Ջոզեֆ Աունը, ըստ կարգի, անմիջապես ժամանելով խորհրդարան, երդման ճառ արտասանեց։
Երդման այդ ճառը՝ հիմնական մտքերով, հաստատել է տալիս, որ այդպիսի ելույթ ունեցողը վայելում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջական աջակցությունը․ առավել քան ակնհայտ է, որ լիբանանցի զորավարը բարձր մակարդակի հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության հետ։ Այդ հարաբերություններն ավելի շեշտվեցին այն օրերին, երբ Լիբանանը հայտնվեց տնտեսական փլուզման անդունդում, եւ Աունն այդ ժամանակ ոչ միայն միասնական պահեց բանակը, այլ նաեւ հեռու մնաց բանակը ներքին պառակտման գործիք դարձնելու փորձությունից։ Նա իր լռությամբ քննադատեց «Հեզբոլլահ»-ի վարքագիծը, բայց երբեք չարժանացավ շիա համայնքի թշնամությանը։ Այսօր, անշուշտ, նա այլեւս նույն լռությունը չի դրսեւորում եւ նոր բառապաշար է գործի դնում, որը հիմնականում վերաբերում է Լիբանանում առկա ապօրինի զենքի խնդիրը կարգավորելու հարցին, իսկ այդ սլաքներն ուղղվում են դեպի «Հեզբոլլահ»։
Նոր նախագահի երդման ճառում արտասանած խոսքերը լիբանանցիների համար հրաշքի համազոր էին, քանի որ նա ոչ միայն փայփայեց կենտրոնական եւ ձիգ պետական համակարգ կերտելու գաղափարը, այլ նաեւ անտեսեց Լիբանանը որպես Իսրայելի դեմ «դիմադրող ուժ» ներկայացնելու դրվածքը, որն այսօր արդեն իրականում սպառած մոտեցում է։ Իր խոսքում նա առաջ տարավ պետական շահը, պետականության ամրացումն ու ամենակարեւորը՝ երկրի բոլոր ուժերին պետական շղարշի ներքո հավաքելու կոչ ուղղեց, որն ինքնին մարտահրավեր էր երկրի բոլոր այն ուժերին, որոնք մինչեւ վերջերս հավատում էին (եւ դեռ հավատում են), որ իրենք կարող են պետության դեր ստանձնել։ Բայց տեսաք, թե ինչ մակարդակի հարվածներ ստացավ Լիբանանը, երբ երկրի շիա տարրը ամեն ինչ արեց՝ «միացնելու» Լիբանանի խնդիրները Գազային ու պաղեստինյան հարցին, խառնեց Նեթանյահուի «մեղվաբույնը»։ Հետեւանքը՝ Լիբանանի հարավն ավերակ դարձավ, իսկ այդ շրջանի բնակիչները՝ անօթեւան։
Լիբանանի նոր նախագահի երդման ճառը բխում էր բոլոր այս եղածներից․ նա երկրի արտաքին քաղաքականությունը վերանայելու խիստ անհրաժեշտություն է տեսնում եւ ճանապարհներ ցույց տալիս՝ բառառիկ հարաբերություններ մշակելու արաբական աշխարհի հետ, որն այսօր պատրաստ է աջակցելու Մայրիների երկրին։
Բարդ ճանապարհ է սպասվում նորընտիր նախագահին, որի ընտրությունը ոգեւորությամբ դիմավորվեց, բայց եթե նա չկարողանա իրականություն դարձնել իր խոստումների հիմնական մասը, պարզ չէ, թե ինչի կվերածվի այդ ոգեւորությունը։ Ակնհայտ է, որ թե՛ արաբական աշխարհը, թե՛ Արեւմուտքը իրենց շահերն ունեն Լիբանանում․ նրանք Իրանի ազդեցության նկատելի թուլացումից հետո իրենց ազդեցությունն են ուզում հաստատել, եւ այս բարդ պայմաններում է, որ Լիբանանի ղեկը ստանձնած նախագահը պիտի ջանա իրականություն դարձնել երկրի ներքին օրակարգերը, որոնց հետաձգումն արդեն կործանարար կլինի Լիբանանի համար։
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։