ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը չի հաստատում «մամուլում ասված որոշ նախնական եզրակացություններ»։ Այդ մասին նա ասել է հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը չի հստակեցրել, թե ինչ եզրակացությունների մասին է խոսքը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է Բրազիլիայում տեղի ունեցած «հատուկ հանդիպման» մասին, որի ընթացքում բացվել են կործանված ինքնաթիռի սեւ արկղերը։
«Դրանց բովանդակությունն արդեն բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ է տվել, բովանդակություն, որը եւս մեկ անգամ համոզում է մեզ, որ պետք է սպասել ամբողջական հետաքննությանը։ Լրատվական տարածքում այժմ լարվածություն առաջացնելու կարիք չկա՝ օգտագործելով այնպիսի տեղեկություն, որը, մեծ հաշվով, չի հաստատվում սեւ արկղերի տեղեկություններով»,- հայտարարել է Լավրովը։
Սեւ արկղերի վերծանման արդյունքների մասին ավելի վաղ հաղորդվել էին։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։
Երեք օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ներողություն էր խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։
Դեկտեմբերի 30-ին Ալիեւն էլ հայտարարեց, թե Ռուսաստանը «պետք է ընդունի իր մեղքը» ինքնաթիռի կործանման մեջ, իսկ մեղավորները պետք է պատժվեն եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն։