Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը Երեւանի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։
«Սակայն այստեղ երկու կողմերի համար էլ կարեւոր է ելնել հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների եւ միջազգային ասոցիացիաների համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրեցին նախօրեին Վաշինգտոնում։
Հիշեցնենք՝ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտնեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իսկ արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։