Նախագահական նստավայրում քննիչները ձերբակալել են պաշտոնանկ արված Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-Յոլին։ Այդ մասին գրում են Reuters-ը, The New York Times-ը եւ Yonhap լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ոստիկանության հետ նստավայր ժամանած քննիչները իրենց հետ բերել էին սանդուղքներ՝ նպատակ ունենալով հաղթահարելու նախագահի բողոքող կողմնակիցների կառուցած բարիկադներն ու նրա անվտանգության աշխատակիցների հնարավոր դիմադրությունը։ Սակայն որեւէ դիմադրություն չի եղել։
Յուն Սոկ-Յոլը 48 ժամվա ընթացքում կհարցաքննվի դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն մտցնելու գործով (Yonhap -ի փոխանցմամբ՝ հարցաքննությունն արդեն սկսվել է)։ Նշվում է, որ քննիչները կարող են հետագայում առանձին հայց ներկայացնել պաշտոնական ձերբակալման թույլտվության համար:
Ձերբակալությունից հետո հրապարակված տեսաուղերձում Յուն Սոկ-Յոլը հայտարարել է, որ համաձայնել էր հարցաքննությանը իր անվտանգության ծառայության եւ ոստիկանության միջեւ «արյունալի բախումը» կանխելու համար: Իր դեմ իրականացվող հետաքննությունն ու դատարանի վճիռը նա անվանել է անօրինական։
Հիշեցնենք՝ Յուն Սոկ-Յոլին ձերբակալեու քննիչների եւ ոստիկանության փորձի մասին հաղորդվել էր նաեւ հունվարի 3-ին։ Այդ ժամանակ Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Կոռուպցիայի հետաքննության վարչությունը (CIO) հայտարարել էր, որ երկրի նախագահը ձերբակալման վերաբերյալ որոշման իրագործումը կասեցրել է, քանի որ ձերբակալության փորձի ժամանակ հանդիպել է զինվորականների դիմադրությանը։
Նախագահի ձերբակալման մասին որոշումը դատարանը կայացրել էր դեկտեմբերի 31-ին՝ որպես երկրում ռազմական դրություն մտցնելու քրեական գործի մաս: Միաժամանակ դատարանը նաեւ նախագահական նստավայրում խուզարկություն անցկացնելու թույլտվություն էր տվել։
Ռազմական դրության հաստատումից հետո ընդդիմությունը զուգահեռաբար Յուն Սոկ-Յոլի պաշտոնանկության գործընթաց էր սկսել, սակայն երկրի խորհրդարանը առաջին նախաձեռնության ժամանակ չկարողացավ ապահովել գործընթացի համար անհրաժեշտ ձայները։ Այնուամենայնիվ, նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր դարձավ դեկտեմբերի 14-ին։ Սա դեռ պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, իսկ մինչ այդ նախագահը շարունակելու է պաշտոնավարումը։