Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները ընթացիկ տարվա հունվարին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին։ Այդ մասին APA գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Հաղորդվում է, որ անցկացվել են անհատական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
Լրատվականը այլ մանրամասներ չի հայտնում։ Միայն հաղորդվում է, որ «մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց կալանքի պայմանները եւ հնարավորություններ է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ»։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվելուց հետո գերեվարվել է 16 անձ, որոնց թվում են եղել նաեւ արցախցի 8 պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։