Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է այն մեղադրանքները, թե Իսլամական Հանրապետությունը մահափորձ է նախապատրաստում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
«Սա հերթական հերյուրանքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից Իրանի դեմ ատելություն հրահրելու նպատակով։ Իրանը երբեւէ նման փորձեր չի արել, եւ որքան ինձ է հայտնի, այդպիսի բան չի անի»,- ասել է Իրանի նախագահը NBC News-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ Թրամփի դեմ մահափորձեր են կատարվել 2024 թվականի հուլիսին և սեպտեմբերին։ Հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբից հայտնել էին, որ ԱՄՆ հետախուզությունը «Իրանի իրական և կոնկրետ սպառնալիքների մասին» տեղեկություն է տրամադրել, որը նպատկաուղղված է ԱՄՆ-ի ներքին ապակայունացմանը:
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը «կեղծ» է որակել։ Թեհրանը կարծում է, որ դրանք եղել են Թրամփի նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ մասը:
Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Իրանի 51-ամյա քաղաքացի Ֆարհադ Շաքերիի նկատմամբ, որին ենթադրաբար հանձնարարվել էր Թրամփի սպանության ծրագիր մշակել։ Նա շարունակում է մնալ ազատության մեջ, և ենթադրվում է, որ գտնվում է Իսլամական Հանրապետությունում: