ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կուբան հանել է «ահաբեկչությունը հովանավորող» երկրների ցանկից։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ Կուբայի կառավարությունը վեց ամիս շարունակ ոչ մի աջակցություն չի ցուցաբերել միջազգային ահաբեկչությանը, ինչպես նաեւ Վաշինգտնին հավաստիացրել է, որ ապագայում չի աջակցի միջազգային ահաբեկչական գործողություններին։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիեռն էլ հայտարարել է, որ Բայդենը նաեւ չեղյալ է համարել Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը վերաբերող 2017 թվականի ազգային անվտանգության հուշագիրը։ Դրանով սահմանափակումներ էին մտցվում ամերիկյան եւ կուբայական ընկերությունների միջեւ փոխգործակցությունների, այդ թվում ֆինանասական գործարքների նկատմամբ։
Կուբայի արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտարարության մեջ նշում է, որ ԱՄՆ-ի այս որոշումը «վերջ կդնի հատուկ հարկադրանքի միջոցներին, որոնք բազմաթիվ այլ միջոցների հետ լուրջ վնաս են հասցնում Կուբայի տնտեսությանը եւ լուրջ ազդեցություն ունեն բնակչության վրա»։
Կարին Ժան Պիեռի խոսքով՝ Կուբան ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկից հանելու քայլերը ձեռնարկվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ պայմանավորվածության շրջանակում։ Կաթոլիկ եկեղեցին Սպիտակ տանը հայտնել էր, որ Կուբայի կառավարությունը խոստացել է ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Կուբայի արտգործնախարարությունն արդեն հայտարարել է, որ կառավարությունը ազատ կարձակի 553 մարդու։ Սպասվում է, որ նրանք ազատ կարձակվեն Բայդենի պաշտոնավարման ավարտի օրը՝ հունվարի 20-ի կեսօրին։
CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին, գրում է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան է նաեւ ուղղակիորեն խնդրել նախագահ Բայդենին բացառել Կուբան այդպիսի երկրների ցանկից։ Նրա խնդրանքին աջակցել են նաեւ այլ դաշնակիցներ, այդ թվում՝ ԵՄ-ն, Իսպանիան, Կանադան, Կոլումբիան եւ Չիլին, հայտնում է CNN-ը։
Կուբան առաջին անգամ ներառվել է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն» դեռ 1982 թվականին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի ժամանակ։ Կուբան այդ ցանկից հանվեց միայն 2015 թվականին՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին։ Սակայն երկիրը կրկին ահաբեկչությունը հովանավորող պետությունների կողքին հայտնվեց 2021 թվականի հունվարին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ պաշտոնը լքելը որոշել էր Հավանան վերադարձնել այդ ցանկ։
Ներկայում միջազգային ահաբեկչությանը աջակցող երկրների ցանկում են Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ-ն), Իրանը եւ Սիրիան։
Թե արդյոք Թրամփի նոր վարչակազմը Կուբան կրկին կներառի այդ ցանկում, դեռ հստակ չէ, սակայն, ինչպես նշում է CNN-ը, նորընտիր նախագահի թիմի մեջ է եւ այժմ պետքարտուղարի թեկնածու է սենատոր Մարկո Ռուբիոն, որը կղզու նկատմամբ սահմանափակումների կողմնակից է։