Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր գլխավորած գերատեսչության 2024 թվականին իրականացրած գործունեությունն ամփոփող ասուլիսում։
Պատասխանելով Երեւանի վճարումների դիմաց Մոսկվայից զենքի չմատակարարման մասին հարցին՝ Պապիկյանը նշել է․ «Ո՛չ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ո՛չ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաեւ գործող պայմանագրեր: Կարող է եւ պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մենք չենք խուսափում»։
Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ Երեւանը շահագրգիռ է բարձր մակարդակի վրա պահելու Մոսկվայի հետ համագործակցությունը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ Պապիկյանը նշեց. «Երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին եւ փորձում ենք խոսել 2022 թվականի իրադարձություններից եւ միանգամից տեղափոխվել 2025 թվական ու ասել, որ ամեն ինչ շատ լավ է, այդպես չէ։ Մենք հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են։ Կարծում եմ՝ այդ օբյեկտիվ հարցերը առողջ քննարկումների արդյունքում իրենց պատասխանները պետք է ստանան»։
Նախարարի խոսքերով՝ այս հարցերի պատասխաններից են կախված նաեւ Հայաստան-ՀԱՊԿ հետագա համագործակցության խորությունը եւ մակարդակը։
«Անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մեր մաս լինելը, բայց դե ֆակտո մենք որեւէ մասնակցություն չունենք, եւ մենք չենք մեղավորը, որ ՀԱՊԿ-ում գեթ մեկ սպա չկա Հայաստանի Հանրապետությունից»,- նշել է Պապիկյանը։
Հիշեցնենք՝ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտնեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իսկ արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։