Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում հրադադար հաստատելու եւ պատաnդառված իսրայելցիներին ազատ արձակելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել։ Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները։
Սաուդյան Արաբիայի «Ալ-Քահիրա ալ-Ահբարիյահ» հեռուստաընկերության բարձրաստիճան աղբյուրի համաձայն՝ համաձայնագիրը կնքվել է «միջնորդների մի քանի ժամ լարված աշխատանքից հետո»։ Համապատասխան պաշտոնական հայտարարությունը, պնդում է հեռուստաալիքը, կհրապարակվի մոտ ժամանակներս։ Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածության մանրամասներն ու պայմանները դեռ չեն բացահայտվում։
«Ալ Ջազիրա»-ն, վկայակոչելով աղբյուրները, գրում է, որ պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում կազատեն 33 իսրայելցի պատանդների։
Հեռուստաալիքը նշում է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելը կազատի ցմահ ազատազրկման դատապարտված մոտ 250 պաղեստինցու։ Բացի այդ՝ Կատարն ու Եգիպտոսը, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ, կվերահսկեն Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից ներքին տեղահանվածների վերադարձի գործընթացը:
Axios պորտալի տվյալներով՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ այնտեղ պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին պաշտոնապես կհայտարարվի մինչեւ հինգշաբթի։
The Times of Israel-ն էլ գրում է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պայմանավորվածության մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։
Բանակցություններին ծանոթ աղբյուրների համաձայն՝ այն առաջին փուլում նախատեսում է հրադադար հաստատել 42 օրով։ Նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացիական պատանդի դիմաց Իսրայելը ազատ կարձակի 30, իսկ յուրաքանչյուր զինվորականի դիմաց 50 պաղեստինցի դատապարտյալի։ Բացի այդ՝ իսրայելական զորքերը պետք է աստիճանաբար հեռանան խիտ բնակեցված տարածքներից եւ նահանջեն դեպի Գազայի հատվածի սահմանները։
Ինչ վերաբերում է Եգիպտոսի հետ Գազայի սահմանին, որը հայտնի է նաեւ «Ֆիլադելֆիայի միջանցք» անվանումով, ապա իսրայելական պարբերականի աղբյուրները նշում են, որ զինադադարի ընթացքում այն կմնա Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։
Չնայած լրատվամիջոցներում հրապարակված այսպիսի տեղեկություններին՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը քիչ առաջ հայտարարեց, որ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները չեն ավարտվել, եւ իսրայելական կողմը հույս ունի լուծելու մնացած տարաձայնությունները այս գիշերվա ընթացքում: