Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ենթակառուցվածքների կառավարման եւ բնական աղետների արձագանքման վարչությունը Հայաստանի տարածքում կամուրջներ է տեղադրել։ Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կամուրջների տեղադրման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ, որը հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել էր ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։
Նշվում է, որ պայմանավորվածության համաձայն՝ Հունաստանի ԶՈՒ ԳՇ Տեխնիկական ծառայությունների վարչության ութ հոգուց բաղկացած անձնակազմը (գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կլուվայի ղեկավարությամբ) Հունաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Հայաստանի Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ժամանակավոր մոդուլային «Բեյլի M2» տիպի կամուրջներ է տեղադրել։
Կամուրջները տեղադրվել են 2024 թվականի մայիսին աննախադեպ ջրհեղեղներից տուժած բնակավայրերում։
Առաջին կամուրջը կառուցվել է Քարկոփ գյուղում (Դեբեդ գետի վրա), երկրորդը՝ Հոբարձի գյուղում (փոքր Գարգառ գետի վրա)։
Երրորդ կամուրջն էլ նախատեսվում է տեղադրել Այրում գյուղում՝ Դեբեդ գետի վրա։
«Այս առաքելությունը, բացի իր մարդասիրական նշանակությունից եւ բարեկամ հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունից, համարվում է նաեւ Քաղաքացիական պաշտպանության շրջանակում համագործակցության արտահայտություն այն ժամանակաշրջանում, երբ կլիմայական ճգնաժամը դառնում է ավելի ու ավելի ակնհայտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի նշյալ տարածքներում հույն համայնքի ներկայությունը թվագրվում է 19-րդ դարից, հատկապես Ալավերդի փոքր քաղաքում, որն այսօրվա դրությամբ հույն համայնքի կենտրոնն է։