Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այդ մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Երեւանը հույս է հայտնում, որ այն կարեւոր նշանակություն կունենա Պաղեստինի եւ Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում համապարփակ խաղաղության եւ կայունության հասնելու համար:
Գրառման մեջ բարձր են գնահատվում նաեւ միջնորդ կողմերի՝ ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի ջանքերը։
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հարդադարի հաստատման շուրջ պայմանվորվածության ձեռքբերման մասին նախօրեին հայտարարեց Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին՝ նշելով, որ այն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։
Ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաեւ անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Պայմանավորվածության համաձայն՝ համաձայնագիրը կյանքի կկոչվի երեք փուլով։ Առաջին փուլը ենթադրում է 42 օրով հրադադարի հաստատում, Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում, այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակում, իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
Երկրորդ եւ երրորդ փուլերով էլ ենթադրվում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված եւ պատանդ պահվող իսրայելցի տղամարդ զինվորականների ազատում, Գազայի հատվածի սահմաններ իսրայելական բանակի ամբողջական հետքաշման ավարտ, հակամարտության ընթացքում սպանված պատանդների աճյունների հանձնում եւ Գազայի հատվածի վերականգնում։