Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սկսել են քննարկել իրենց երկրի զինվորականներին Ուկրաինա որպես խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե համաձայնություն ձեռք բերվի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Պարբերականի հետ զրուցած Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները հայտնել են, որ Սթարմերը վերջնական որոշում դեռ չի կայացրել։ «Մենք ինքներս մեզնից մի փոքր առաջ ենք անցնում: Մենք դեռ չենք հասել մեր նպատակին»,- ասել է աղբյուրներից մեկը։
Այն, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է ակտիվորեն քննարկել Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը, հայտնել էին նաեւ Bloomberg-ի աղբյուրները։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ անվտանգության խնդիրների պատճառով այս գաղափարը հակառակորդներ ունի Քիր Սթարմերի գրասենյակի եւ Մեծ Բրիտանիայի այլ կառավարական կառույցների աշխատակիցների շրջանում։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Քեյր Սթարմերը խաղաղապահների տեղակայման հարցը կքննարկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, որը կմեկնարկի այսօր՝ հունվարի 15-ին։
Սթարմերի` Կիեւ ուղուորության մասին նախապես չի հայտարարվել։
Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը քննարկվում է 2024 թվականից։ Հարցի շուրջ քննարկումներն ակտիվացան դեկտեմբերի սկզբին, երբ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Reuters-ը հայտնել էր, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Մեծ Բրիտանիայից Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, որի գործառույթը կլինի խաղաղության համաձայնագրի պայմանների կատարմանը հետեւելը, եթե հնարավոր դառնա դրա կնքումը։
Թրամփը, ըստ Reuters-ի, բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին եւ պնդել, որ դա պետք է անեն եվրոպացիները։
Զելենսկին դեկտեմբերի կեսերին հաստատել էր, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է երկրում խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, սակայն որոշ առաջնորդներից դրական ազդակներ արդեն կան: