Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 20-24-ը։ Այդ մասին գրում է «Արմենպրեսը»՝ նշելով, որ տեղեկությունը փոխանցել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Համաժողովին մասնակցելու են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։
Տեսակապով համաժողովին կմիանա նաեւ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF), որն այս տարի կացնկացվի «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո, շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այս ձեւաչափի առաջին հադիպումը կայացել է 1971 թվականին, որից հետո ավանդաբար ամենամյա հանդիպումներ է կազմակերպվում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: