Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով այնպիսի ճգնաժամ, որը խոչընդոտում է Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումը։
Իսրայելական կողմը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը «հրաժարվում է միջնորդների եւ Իսրայելի հետ ձեռք բերված հստակ պայմանավորվածություններից՝ փորձելով վերջին պահին ճնշում գործադրել»։
Նեթանյահուի գրասենյակը հավելել է, որ «Իսրայելի նախարարների կաբինետի եւ կառավարության նիստի ամսաթիվ չի նշանակի այնքան ժամանակ, քանի դեռ միջնորդները չեն հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը չի հաստատել համաձայնագրի բոլոր մանրամասները»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական Kan ռադիոն, Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը նախապես ծրագրված էր հունվարի 16-ին, որը, ըստ ակնկալիքների, պետք է նվիրված լիներ հրադադարի մասին համաձայնագրի հաստատմանը:
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հրադադարի հաստատման շուրջ պայմանվորվածության ձեռքբերման մասին նախօրեին հայտարարեց Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին՝ նշելով, որ այն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։
Ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաեւ անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Պայմանավորվածության համաձայն՝ համաձայնագիրը կյանքի կկոչվի երեք փուլով։ Առաջին փուլը ենթադրում է 42 օրով հրադադարի հաստատում, Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում, այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակում, իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
Երկրորդ եւ երրորդ փուլերով էլ ենթադրվում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված եւ պատանդ պահվող իսրայելցի տղամարդ զինվորականների ազատում, Գազայի հատվածի սահմաններ իսրայելական բանակի ամբողջական հետքաշման ավարտ, հակամարտության ընթացքում սպանված պատանդների աճյունների հանձնում եւ Գազայի հատվածի վերականգնում։