Ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ «Զանգեզուրի միջանցքի» մասին լրագրողի հայտարարություններին Հայաստանի բացասական արձագանքը «տարակուսանք է առաջացնում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է Երեւանին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկեղծ ասած՝ այս արձագանքը տարակուսելի է, քանի որ խոսքը լրագրողի հայտարարությունների մասին է։ Երեւանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, եւ առավել եւս՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երեւանին, որի էության մասին մենք բազմիցս ենք բարձրաձայնել»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 15-ին, ՀՀ արտգործնախարարություն էր կանչվել Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը. որին բողոքի հայտագիր էր հանձնվել՝ կապված ռուսական պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ արհեստականորեն գեներացված խոսույթներ հնչեցնելու հետ։
Նշյալ հաղորդաշարի ժամանակ հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը հայտարարել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ «Զանգեզուրի միջանցքը» վերջնականապես բացելու Իլհամ Ալիեւի կատեգորիկ պահանջը՝ փոխարենն առաջարկելով իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։
Հաղորդավարը նաեւ պնդում է, որ «հայկական «Խաղաղության խաչմերուկն» անընդունելի է Ադրբեջանի համար», քանի որ դժվարամատչելի լեռնային տեղանքն ու կլիմայական ծանր պայմանները դժվարացնում են ճանապարհների կառուցումը։
«Միաժամանակ, Հայաստանը, ըստ Փաշինյանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անցել է անդառնալիության կետը։ Մեծ քանակությամբ զենք է ստանում Ֆրանսիայից՝ ակնհայտորեն պատրաստվելով նոր պատերազմի»,- հայտարարում է Կիսիլյովը։