Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը ապակայունացնում է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը։
«Տարածաշրջանում հավաքական Արեւմուտքի խնդիրը բոլորիս համար լավ հասկանալի է՝ ապակայունացնել իրավիճակը, օգտագործել այն տարածաշրջանի երկրների, տարածաշրջանի ժողովուրդների դեմ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Եվրամիության նման նախաձեռնություններից ոչինչ չպետք է սպասել՝ բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից եւ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց»,- հայտարարել է Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը երկու տարով երկարաձգելու մասին տեղեկությունը։
«Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են: Ավելին՝ դրան միանում են նաեւ ՆԱՏՕ-ի երկրները։ Միանգամայն ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է տարածաշրջանում հավաքական Արեւմուտքի ներկայությունը ամրապնդելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Բացի այդ՝ ԵՄ առաքելությունը Զախարովան անվանել է «օտար մարմին» Հարավային Կովկասի համար եւ նշել, որ Անդրկովկասի առջեւ ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային պետությունների հավաքական ջանքերի հիման վրա՝ առանց արտաքին միջամտության։
Նա եւս մեկ անգամ կրկնել է Մոսկվայից եւ Բաքվից բազմիցս հնչեցրած այն թեզը, թե ԵՄ առաքելությունը զբաղված է լրտեսությամբ եւ արեւմտյան կոնկրետ երկրների շահերի սպասարկմամբ։
«Ակնհայտ է, որ Հայաստանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի այլ երկրների շահերը չեն հետաքրքրում ԵՄ առաքելությանը, որն այս տարիների ընթացքում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ 2023-ին տեղակայված ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելությունը Երեւանը համարում է Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության եւ կայունության կարեւոր գործոն: