Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նախօրեին Կիեւ ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստորագրել են 100-ամյա գործընկերության համաձայնագիր։
«РБК-Украина»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը «անվտանգության ամրապնդման նոր համակարգի միջոցով Բալթիկ, Սեւ եւ Ազովի ծովերում պետք է խթանի ծովային անվտանգության ոլորտում երկրների միջեւ ռազմական համագործակցությունը եւ կանխարգելի շարունակվող ռուսական ագրեսիան»:
Լրատվականը նշում է, որ փաստաթղթում ներառված են նաեւ գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը վերաբերող դրույթներ, որոնք ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, տիեզերքը եւ անօդաչու թռչող սարքերը։
Զելենսկին, մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է, որ այն Մեծ Բրիտանիա-Ուկրաինա հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։
«Մենք հաստատուն ենք մեր պետության անկախության մեջ, եւ սա մի բան է, որից ուկրաինացիները երբեք չեն հրաժարվի։ Մենք վստահ ենք մեր եվրոպացի գործընկերների վրա, եւ դա ուժեղացնում է թե՛ Ուկրաինան, թե՛ Բրիտանիան ե՛ւ թե մեր ամբողջ եվրատլանտյան տարածքը»,- հայտարարել է Զելենսկին Սթարմերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա նաեւ հաստատել է այն տեղեկությունները, որ Մեծ Բրիտանիան պարտավորվում է ամեն տարի Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ ֆունտի հասնող (3,7 միլիարդ դոլար) ռազմական օգնություն:
Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է Ուկրաինային բրիտանական արտադրության հրետանու խմբաքանակի, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության նոր շարժական համակարգի փոխանցման մասին։
«Ուրախ եմ այսօր հայտարարելու, որ մենք տրամադրելու ենք 150 հաուբից, որոնք արտադրվել են Միացյալ Թագավորությունում եւ հասանելի կլինեն Ուկրաինա առաքելու համար ընդամենը մի քանի շաբաթից: Մենք նաեւ կմատակարարենք «Grateful» անունը կրող նոր շարժական հակաօդային պաշտպանության համակարգ՝ արտադրված Դանիայի հետ համաֆինանսավորմամբ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Նա նաեւ հայտարարել է ուկրաինացի զինվորականներին դաշնակիցների հետ վերապատրաստելու հետագա ծրագրերի մասին։