Վրաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ տնտեսական համագործակցությանն ուղղված վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի իր ելույթում։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկելու եւ տարածաշրջանում համագործակցությունը խթանելու։ Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,- հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաեւ նշել է, որ տարածաշրջանում եւ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը խաղաղությունն ու կայունությունն էլ ավելի կարեւոր են դարձնում Հարավային Կովկասի զարգացման եւ կայուն բարգավաճման համար։
Կոբախիձեն Բաքու է ժամանել այսօր՝ մասնակցելու երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո սա նրա առաջին արտերկրյա այցն է։ Կոբախիձեն հանդիպում կունենա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։