Օրական 7 ժամ՝ 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել: Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ պահպանելով աշխատավարձը։ Օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման:
Օրենքի փոփոխության մասին լուրը որոշ մարդիկ խանդավառությամբ, ոմանք էլ դժգոհությամբ են ընդունել:
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն ասում է՝ աշխարհի տարբեր երկրների ընդունված, միջինացված շաբաթական աշխատաժամերի թիվը 40-ն է, բայց միտումը որոշ երկրներում փոխվում է՝ աշխատաժամերը կրճատվում են: Պատճառներից մեկը աշխատանքների ավտոմատացումն է, մյուսը՝ մարդու անձնական կյանքի որակի բարձրացումը, որից էլ կբխի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:
Ըստ տնտեսագետի՝ աշխատաժամի կրճատումը պետք է դիտարկվի պետական, ընկերության եւ աշխատուժի տեսանկյունից: Գործունեության տարբեր ոլորտներում աշխատաժամերի կրճատումը տարբեր հետեւանքներ կունենա: Եթե պետական, ոչ նորմավորված աշխատանքի դեպքում խնդրի լուծումը հեշտ է, ապա հստակ նորմավորված ոլորտներում, օրինակ՝ արտադրության, դժվար է լինելու: Գործատուի համար աշխատաժամի կրճատումը ենթադրում է հավելյալ ծախս՝ նոր աշխատողների ներգրավում: Եթե աշխատողը շաբաթական 5 ժամով պակաս է աշխատում, կրճատվում է ընկերության շահույթը: Հաջորդ խնդիրը, որին ըներությունները կարող են բախվել, պլանավորումն է. նախատեսված էր 8-ժամյա գրաֆիկով աշխատանքի արտադրություն, հիմա լինելու է 7-ժամյա, այստեղից էլ ենթադրելի է, որ աշխատավարձերի վերանայումներ կլինեն:
Աշխատաժամի կրճատման պատճառով գործատուն կարող է ներդնել ավտոմացված համակարգեր կամ ռոբոտներ՝ հրաժարվելով աշխատուժից. սա ռիսկ է զբաղվածության ոլորտում: Տնտեսագետը գործատուներին խորհուրդ է տալիս ցայտնոտի մեջ չընկնել: «Պետք է մտածեն աշխատանքի կազմակերպման ավելի արդյունավետ համակարգեր մշակելու, ներդնելու մասին, որ այդ մեկ ժամը կոմպենսացվի, աշխատողն էլ մոտիվացվի: Պարետոյի սկզբունքով 80 տոկոս արդյունքը ստեղծվում է 20 տոկոս աշխատանքի պարագայում»,- ասում է Պետրոսյանը եւ վստահեցնում, որ իր ղեկավարած կառույցում աշխատաժամերի կրճատումը բացասական հետեւանք չի ունենա, հակառակը՝ գուցե նաեւ դրական արդյունք լինի. աշխատողը մոտիվացվում է, որ ինտենսիվ աշխատի, հասցնի, որ մեկ ժամ ավելի հանգստանա:
Աշխատուժի տեսանկյունից օրենքի փոփոխությունը լավ է. բարելավվում է աշխատողի առօրյան, ավելանում անձնական կյանքով ապրելու ժամանակը, ինչպես նաեւ կորցրած էներգիան վերականգնելու հնարավորությունը:
«Աշխատաժամերի կրճատումը կհանգեցնի՞ գնաճի նոր ալիքի» հարցին տնտեսագետը պատասխանում է՝ կախված է տնտեսության կառուցվածքից, արտադրանքի տեսակից: Որոշ ոլորտներում, աշխատուժի ավելացմամբ պայմանավորված, կլինի արտադրանքի ինքնարժեքի բարձրացում, բայց պարտադիր չէ, որ միայն թանկացման միջոցով հարցը լուծվի, կարող է եւ արտադրողի եկամուտը նվազել. «Եթե տվյալ արտադրանքը նաեւ ներմուծվում է, այսինքն՝ կա այլընտրանք, գործատուն չի կարող գին բարձրացնել, քանի որ մրցակցությանը չի դիմանա»:
Օրենքի փոփոխությունը տեղի՞ն է, թե՞ անտեղի, ժամանակի՞ն է, թե՞ անժամանակ՝ տնտեսագետն ասում է՝ որակել հնարավոր չէ. ցանկացած փոփոխություն ունի լավ եւ վատ կողմեր, բայց լավ կլինի, որ Կառավարությունը հասարակության լայն շրջանակներին ներկայացնի գործընթացի տնտեսական հիմնավորումը: Թե չէ, հենց այնպես, առանց հիմնավորման ասել՝ ոչ թե 8 ժամ, այլեւ 7 եք աշխատելու, շոկային է գործատուի համար: Ցանկացած փոփոխությոն պետք է ընկալելի լինի հասարակության համար:
«Վարդենի» ջերմոցային տնտեսության համահիմնադիր Ցոլակ Չադրյանին աշխատանքային ժամերի կրճատման մասին օրենքի փոփոխությունը չի վախեցրել: Ասում է՝ 7 տարի է, ինչ գործում են, եւ այդ տարիների ընթացքում միշտ են սեպտեմբերից մարտ ամիսներին 7-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատել. 5-ից հետո մութ է: Գործատուն իր փորձից է վստահեցնում՝աշխատանքային ժամը այնքան կարեւոր չէ, որքան օգտակար գործողության գործակիցը:
«Մարդը կարող է 10 ժամ աշխատել, բայց այնքան բարիք չստեղծել, որքան 7 ժամում մոտիվացված աշխատելիս: Կինը 8 ժամ տանը չի լինում, ֆիզիկապես աշխատանքի է, բայց մտքով տանն է,- ասում է Չադրյանը եւ նշում,- աշխատողին մոտիվացնել է պետք, մեր ոլորտում աշխատակցին խրախուսելը ամենօրյա գործ է՝ պարգեւավճարներ, լավ վերաբերմունք, աշխատանքի ճիշտ եւ արդար բաժանում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում»:
Թեեւ Չադրյանի համար օրենքի փոփոխությունը լուրջ փորձություն չէ, բայց, այնուամենայնիվ, այն մեկ լույսի տակ դիտարկելը նա սխալ է համարում. որոշ ոլորտներում աշխատաժամանակի կրճատումն արդարացված է, այլ ոլորտներում՝ ոչ: «Օրենքի փոփոխությունը դրականից բացի կարող է նաեւ մի շարք ոլորտներում խնդիրներ առաջ բերել: Պետական ոլորտում այլ է. եթե առաջ պետք է տեղում աշխատեիր, հիմա մի ինֆորմացիա ուղարկելու համար պարտադիր չէ աշխատավայրում լինել, բայց արտադրության, սպասարկման ոլորտում խնդիր է, հատկապես որ մեզանում մարդկային աշխատուժը շատ է ներգրավված աշխատանքներում»:
Լիլիթ Մացոյանը երեք երեխաների մայր է: Բայանդուրի մսուր-մանկապարտեզի տնօրենն է, նաեւ համատեղությամբ՝ ուսուցչուհի: 8 ժամ աշխատում, իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները հասցնում են լիարժեք իրականացնել: Աշխատաժամերի կրճատման մասին օրենքի փոփոխությանը կողմ է. հիմնավորում է՝ մեկ ժամում բավականին շատ բան կհասցնի ընտանիքում անել, երեխաների հետ շփվել: «Եթե ցանկություն ունես աշխատելու, 8 ժամվա անելիքը կհասցնես նաեւ 7 ժամում, րոպեներն անգամ հաշվի կառնես,- ասում է Մացոյանը, բայց եւ չի հերքում, որ աշխատաժամերի կրճատման մասին փոփոխության լուրը լսելիս սկզբում մտավախություն է ունեցել, թե արդյոք կհասցնեն ուսումնական գործընթացը, սննդի կազմակերպումը,- բայց վերլուծեցի եւ հասկացա, որ կհասցնենք, աշխատողներն էլ ավելի կմոտիվացեն»:
Օրական մեկ ժամ պակաս աշխատելը ինչի կհանգեցնի՝ դեռ հայտնի չէ, սակայն գործընթացի արդյունքում շրջանառվող դրական եւ բացասական սցենարների պակաս չկա: Հիմնականում գործատուն դժգոհ է, աշխատողը՝ գոհ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։