Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Կրեմլի փոխանցմամբ` հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ հաղորդագրության համաձայն` քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման որոշ հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Նշվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ձեռք բերված զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության` Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երեւանի վերջին քայլերին առնչվող իրավիճակը, որին էլ ՌԴ նախագահը տվել է համապատասխան մեկնաբանություններ եւ գնահատականներ։
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ կողմերը չեն հայտնում։
Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։
Նախ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ապա նաեւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեցին, որ ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն համատեղելի չեն, քանի որ երկու կառույցներն էլ աշխատում են տարբեր սկզբունքներով եւ ենթադրում են ազատ առեւտրի տարբեր գոտիներ։
Միեւնույն ժամանակ երկու ռուս պաշտոնյաններն էլ նշել էին, որ ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։