Իրանի եւ Ռուսաստանի համագործակցության առաջնահերթ վեկտորներից մեկը լինելու է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում երկրների փոխգործակցությունը։ Այդ մասին ասվում է հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ստորագրած ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի առաջին պարբերությունում։
Համաձայնագրով Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվում են, որ եթե երկրներից մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա մյուսը չպետք է օգնություն ցուցաբերի ագրեսորին։ Պետությունները պարտավորվել են նման դեպքում աջակցել հակամարտության կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։
Կողմերը նաեւ պայմանավորվել են չթույլատրել, որ իրենց տարածքներն օգտագործվեն «անջատողական շարժումների և այլ գործողությունների աջակցության նպատակով», որոնք կարող են սպառնալիքներ ստեղծել երկու երկրների տարածքային ամբողջականության համար։
Փաստաթուղթը նաեւ պարունակում է կետեր.
- այլ երկրներից անկախ վճարային ենթակառուցվածքի զարգացման մասին,
- միջուկային էներգիայի օբյեկտների կառուցման եւ միջուկային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի մասնակցության մասին,
- Կասպյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման մասին,
- բնական աղետների հետեւանքների վերացման հարցում փոխօգնության մասին,
- սպառազինությունների վերահսկման եւ միջուկային զենքի չտարածման հարցերում համագործակցության մասին,
- պատժամիջոցներին հակազդելու եւ դրանց վերացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու մասին,
- Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի ժողովուրդներին միմյանց մշակույթին եւ ավանդույթներին ծանոթացնելու, ինչպես նաև ռուս եւ պարսկական գրականության տարածման մասին։
Ընդհանուր առմամբ փաստաթուղթը պարունակում է 47 հոդված։ Այն փոխարինում է ՌԴ-Իրան 2001 թվականի պայմանագրին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները սկսվել էին 2022 թվականից։