Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Կառավարությունը հավանություն է տվել առեւանգվածներին վերադարձնելու համաձայնագրին։ Պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ից»,- ասված է հաղորդագրությունում։
«Walla» գործակալության տվյալներով՝ համաձայնագրին կողմ է քվեարկել կառավարության 24 անդամ, դեմ՝ 8-ը։ Կառավարության նիստը սկսվել է ուրբաթ երեկոյան եւ տեւել ավելի քան վեց ժամ։ Նշվում է, որ ուղղափառ հուդայականության գաղափարների վրա հիմնված կուսակցությունների նախարարները հրեական սուրբ հանգստի օրվա՝ շաբաթի մեկնարկի պատճառով մինչեւ վերջ չեն մասնակցել կառավարության նիստին, սակայն հեռանալուց առաջ թողել են գրություններ, որոնցում նշել են, թե ինչպես են քվեարկում ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի հաստատման վերաբերյալ։
Նշենք, որ ուրբաթ Իսրայելի բարձրագույն ռազմական կաբինետը, որը ներառում է երկրի առանցքային նախարարությունների ղեկավարներին, հավանություն տվեց պատանդների գործարքը հաստատելու կառավարության առաջարկությանը: Ռազմաքաղաքական կաբինետի նիստը կրկին տեւել է վեց ժամից ավելի, նշում է Ynet պորտալը։
Իսրայելի արդարադատության նախարարությունն արդեն հրապարակել է 95 պաղեստինցի բանտարկյալների անունների ցանկը, որոնք իսրայելական բանտերից ազատ կարձակվեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու գործարքի առաջին փուլում։ Գերատեսչությունը հավելել է, որ «առաջին փուլում բանտարկյալների ազատ արձակումը, ըստ ծրագրի, կսկսվի հունվարի 19-ին՝ 16:00-ից ոչ շուտ»: