Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից եւ երկրում իբր առկա «ռեւանշիստական» տրամադրություններից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլի մասին։
«Նշվել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների պահպանումը, իշխող եւ ընդդիմադիր ուժերի մոտ տիրող ռեւանշիզմի տրամադրությունները, ինչպես նաեւ այդ երկրի արագ սպառազինումը վնասակար են խաղաղ գործընթացի առաջխաղացման համար»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանների սահմանազատման եւ հարաբերությունների կարգավորման հարցերը։
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հասկանում է Հայաստանի հետ հարաբերություններում առկա «Ադրբեջանի օրինական մտահոգությունները»։
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ կարևոր քայլ է անվանել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի մասին համաձայնագիրը։
Ընդգծենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության հաղրդագրության համաձայն՝ Ֆիդանն ու Բայրամովը հանդիպմանը կարեւորել են Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության մեջ առկա այնպիսի խոշոր էներգետիկ եւ տրանսպորտային եւ հաղորդակցական նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, Բաքու-Թբիլիսի-Կարսը եւ Հարավային գազային միջանցքը: