Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանդեպ արդար դատավարության իրավունքը եւ հետաքննեն նրա իրավունքների խախտումների մասին հայցերը։ Այդ մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։
«Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք ներառում են վատ վերաբերմունք կալանավայրում, գործի կեղծ նյութերը ստորագրելու համար հարկադրանքի կիրառում եւ իր պաշտպանությանը նախապատրաստելու հնարավորությունից զրկում: Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ եւ արդյունավետ հետաքննեն այս ծանր մեղադրանքները եւ պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր պատասխանատու են այս ամենի համար»,- ասել է Ստրութերսը, որի խոսքերը մեջբերում է իրավապաշտպան կառույցի կայքէջը:
Նրա խոսքերով՝ Բաքուն պետք է համապատասխան ժամանակ եւ հնարավորություն տրամադրի Ռուբեն Վարդանյանին իր փաստաբանների հետ լիարժեք շփման եւ պաշտպանությունը նախապատրաստելու համար:
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետեւի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»,- նշել է Amnesty International կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրենը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել էր Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։
Վարդանյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարի կամրջի մոտ։