Այսօր լրանում է Հրանտ Դինքի դավադիր սպանության 18-րդ տարին:
Կենդանության օրերին նա գրեթե հավասարապես արժանանում էր թե՛ թուրք, թե՛ հայ ազգայնականների եւ այլոց քննադատությանը: Թուրքերը Հրանտին թիրախավորում էին թուրքական պատմագրության տաբուները քանդելու համար, հայերը քննադատում էին, քանի որ նա անընդունելի էր համարում Հայոց ցեղասպանության արհավիրքը օտար երկրներում եւ օտար խորհրդարաններում շահարկման եւ առեւտրի առարկա դարձնելու արատավոր քաղաքականությունը:
Նա ասում էր, որ հայի բժիշկը թուրքն է, եւ առաջին հերթին թուրքը պետք է առերեսվի իր պատմությանը, զղջա հային պատճառած անհուն ցավի համար: Հրանտի հետ իմ առաջին հարցազրույցը, տպագրված ԱԶԳ օրաթերթում 2001 թվականին, հենց այդ խորագիրն էր կրում՝ «Հայի բժիշկը թուրքն է»:
Հրանտի սպանությունից հետո էր, որ հայ ազգայնականները սկսեցին այդ ոճիրը հակաթուրքական քարոզչության նպատակով օգտագործելու արատավոր գործելաոճը, քանի որ մարդասպանը թուրք էր:
2002-2003 թվականներին ուսանում էի Թբիլիսիի ամերիկյան դպրոցում (GIPA), եւ հնարավորություն կար չորս շաբաթ փորձառություն անցնելու որեւէ հեղինակավոր լրատվամիջոցում: Երբ ներկայացրի իմ ընտրությունը (ի դեպ, դպրոցի ռեկտորը Վրաստանի ապագա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին էր)՝ ԱԿՈՍ, բոլորը զարմացած էին: Ի՞նչ է ԱԿՈՍ-ը: Բացատրեցի, որ Ստամբուլում թուրքերենով լույս տեսնող հայկական շաբաթաթերթ է:
Մոտ մեկ ամիս ամենօրյա շփման հնարավորություն ունեի Հրանտի, Սարգիս Սերոբյանի, Բագրատ Էստուգյանի եւ մյուս ակոսականների հետ:
Հրանտը, իրավամբ, խոր, շատ խոր ԱԿՈՍ թողեց հայ եւ թուրք ժողովուրդների հիշողության մեջ, սակայն նրա երազը՝ հային ու թուրքին, Հայաստանն ու Թուրքիան տեսնել կողք կողքի, հաշտ, մնաց անկատար:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։