Իսրայելի երեք նախարար հրաժարական են տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատման վերաբերյալ համաձայնագրի դեմ բողոքի։
Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը իր հրաժարականի մասին հայտարարել էր համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ծայրահեղ աջ «Օցմա Յեհուդիտ» կուսակցության հայտարարությունը, որի առաջնորդն է նա։
Բեն-Գվիրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է «գաղափարական բոլոր կարմիր գծերը հատելու համար»։ Նախարարը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը անվանել է «ահաբեկչության լիակատար հաղթանակ»։
Բացի Բեն-Գվիրից՝ հրաժարական են ներկայացրել նաեւ նրա կուսակիցներ, Ժառանգության նախարար Ամիհայ Էլիահուն եւ Նեգեւի, Գալիլեայի եւ ազգային դիմակայության հարցերով նախարար Իցհակ Վասերլաուֆը։
«Օցմա Յեհուդիտ»-ը նույնպես հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Միեւնույն ժամանակ նշվում է, որ այն պատրաստ է վերադառնալու Նեթանյահուի գլխավորած կոալիցիոն կառավարություն, եթե ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն եւ շարունակվեն մինչեւ լիակատար հաղթանակը։
ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննադատել է նաեւ կառավարության մեկ այլ անդամ՝ ֆինանսների նախարար եւ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։
Վարչապետ Նեթանյահուն հանդիպումներ է ունեցել երկու նախարարների հետ։ Դրանից հետո միայն Սմոտրիչն է խոստացել չհեռանալ կառավարությունից։
«Օցմա Յեհուդիտի» դուրս գալը չի հանգեցնի կառավարական ճգնաժամի եւ արտահերթ ընտրությունների։ Սակայն այդպիսի հնարավորությունը կպահպանվի, քանի որ Սմոտրիչը սպառնացել է, որ դուրս կգա կոալիցիայից, եթե կառավարությունը որոշի ռազմական գործողությունները վերսկսելու փոխարեն հրադադարի առաջին փուլից անցնել երկրորդ փուլ:
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի մասին հայտնի դարձավ հունվարի 15-ին։ Այն հաջողվել էր ձեռք բերել ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդության շնորհիվ։ Առաջին փուլը, որը ներառում է հրադադարի ռեժիմի հաստատում 42 օրով եւ պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ, պետք է սկսվեր նախօրեին՝ տեղական ժամանակով 08:30-ին: Սակայն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց հրադադարի մեկնարկի հետաձգման մասին՝ պնդելով, որ ՀԱՄԱՍ-ից չի ստացել ազատ արձակվող պատադների ցուցակը։ Պաղեստինյան շարժումը ցուցակի ուշացումը բացատրել էր տեխնիկական պատճառներով։
Ցուցակը հանձնվեց ժամը 11-ի սահմաններում, իսկ Իսրայելը զինադադարի մեկնարկը սահմանեց 11:15-ին: Ժամեր անց հայտնի դարձավ երեք իսրայելցու ազատ արձակման մասին, որոնք պատանդ էին տարվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։