Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը էական քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հեռացած էթնիկ հայերի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը ապահովելու կամ նրանց սեփականության իրավունքները վերականգնելու համար։ Այդ մասին ասվում է Human Rights watch-ի զեկույցում։
Կազմակերպության Հայաստանին վերաբերող զեկույցում էլ նշվում է, որ 2024 թվականին Հայաստանի իշխանությունները շարունակ բախվել են «զգալի մարտահրավերների»՝ կապված Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100,000 հայերի սոցիալական ապահովության ապահովման հարցերի հետ։
Հեղինակավոր իրավապաշտպան կառույցը նաեւ ընդգծում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չլուծված հակամարտության պատճառով տարվա ամբողջ ընթացքում գերակայել է անապահովության զգացումը հանրային խոսույթում»։
Զեկույցներում նաեւ անդրադարձ է կատարվում անցնող տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական դրությանը, լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ բռնությանը, ոստիկանության անպատժելիությանը։