Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր կրկին հայտարարել է, որ «Հայաստանի Սահմանադրությունը եւ իրավական փաստաթղթերը դեռեւս պահանջներ են ներկայացնում ադրբեջանական հողերի նկատմամբ։ Սրանք պետք է կարգավորվեն»։
Լրագրողների հետ զրույցում Բայրամովը նաեւ նշել է, որ Երեւանն ու Բաքուն շարունակում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ներկա պահին հստակեցված չեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը։
Ադրբեջանի արտգործնախարարը առանց հստակ անուններ նշելու նաեւ հայտարարել է, որ Բաքուն Հայաստանին ուղղված միակողմանի աջակցության փաստեր է տեսնում։
«Սա անընդունելի քայլ է այն կողմերի համար, որոնք իրենց միջնորդ են անվանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Երեւանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։