Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է` Վրաստանն աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը։
Այդ մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմից հրավիրված նախաերդմնակալության ընդունելությունից հետո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Վրաստանն աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք, որ մենք ենք ամենահինը, նրանք (հայերը — հեղ.) ասում են, որ՝ իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ ամենահին քրիստոնյա երկրներն ենք, եւ դա մեզ սերտորեն կապում է… Մենք Ամերիկայի կարիքն ունենք։ Բայց կարծում եմ՝ Ամերիկան էլ մեր կարիքն ունի»,- ասել է Վրաստանի 5-րդ նախագահը։
Զուրաբիշվիլին խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին՝ նշելով, որ Մոսկվան ցանկանում է գերակայել տարածաշրջանում․ Վրաստանի նկատմամբ կիրառում է «նոր ռազմավարություն», ինչպես անում է Ռումինիայի եւ Մոլդովայի դեմ։
Նորայր Միսկարյան