Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի պատերազմի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսություն վարելուն։ Պուտինը իր շնորհավորական խոսքերը հնչեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը, որի երկուրոպեանոց տեսագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մենք տեսնում ենք ԱՄՆ նորընտիր նախագահի եւ նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին, որոնք ընդհատվել են ոչ մեր մեղքով, այլ հեռացող վարչակազմի կողմից։ Մենք նաեւ լսում ենք նրա հայտարարությունները երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար ամեն ինչ անելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, մենք ողջունում ենք այս վերաբերմունքը եւ շնորհավորում ԱՄՆ նորընտիր նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան երբեք չի հրաժարվել Վաշինգտոնի հետ երկխոսությունից եւ միշտ պատրաստ է եղել պահպանելու «նույնիսկ համագործակցային հարաբերությունները ամերիկյան ցանկացած վարչակազմի հետ»։
Պուտինը հաջորդիվ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկխոսությունը պետք է կառուցվի «հավասար եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»։
«Մենք բաց ենք նաեւ ամերիկյան նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսության համար։ Ամենակարեւորը ճգնաժամի բուն պատճառների վերացումն է, որի մասին բազմիցս խոսել ենք։ Կարգավորման նպատակը չպետք է լինի կարճ զինադադարը, չպետք է լինի ինչ-որ հանդարտություն ուժերի վերախմբավորման եւ վերազինման համար՝ հետագայում հակամարտությունը շարունակելու նպատակով, այլ պետք է լինի երկարաժամկետ խաղաղություն՝ հիմնված այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ազգերի օրինական շահերի նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ CNN-ն էր հաղորդել, որ Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր երդմնակալությունից հետո՝ մի քանի օրվա ընթացքում: Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ «զրույցի նպատակը առաջիկա ամիսներին անձնական հանդիպման շուրջ քննարկումն է, որը նվիրված է լինելու Ուկրաինայի պատերազմին վերջ տալու փորձերին»։